«Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»
Քաղաքական
15:33 25/02/2016
Հայաստան

«Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»


«Հայատյացությունը Ադրբեջանում» («Армянофобия в Азербайджане») գիրքն արդեն հրատարակվել է անգլերեն լեզվով, որի հիմնական նպատակն է ավելի լայն շրջանակների հասցնել Ադրբեջանում դրսևորվող հայատյացության երևույթները: Լրագրողների հետ զրույցում գրքի համահեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան ասաց, որ ռուսալեզու տարբերակը լույս է տեսել 2013 թվականին, բավականին հետաքրքիր արձագանքի է արժանացել,  բովանդակության վերաբերյալ որևէ քննադատություն չի հնչել, քանի որ հենց ադրբջանցիներն են խոստովանել, որ իրենք այն չեն կարդացել:

Գիրքը գրելու համար ուսումնասիրվել է ադրբեջանական մանկական, ուսումնական, գեղարվեստական գրականությունը,  պաշտոնատար անձանց հայտարարությունները:

«Գիրքը կազմել ենք՝ ուսումնասիրելով պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները, ադրբեջանական մամուլը, կայքերը, հասարակության շրջանում տարածվող հայատյացության դրսևորումները: Այդ ամենը ինչը հավաքել ենք ու սկսել վերլուծել: Շարունակում ենք հավաքել»,- նշեց Ա. Էլիբեգովան:

Գրքի համահեղինակ, «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը տեղեկացրեց, որ նաև գրքի կայքը կա, որտեղ հավաքված է նաև Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններ, որոնք տեղ չեն գտել գրքում: «Եթե մենք ամբողջը ներառեինք, կստացվեց ավելի քան քսան հատորանոց աշխատություն»,- նշեց նա:

«Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը լույս է տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ: Այն տրամադրվել է ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի նախարարություններին, որոնք էլ իրենց միջոցներով տեղ կհասցնեն տարբեր միջազգային կառույցների:

Լրագրողներին նաև ներկայացվեց  xocali.net կայքի նորացված, թարմացված տարբերակն ու azerichild.info կայիք անգլալեզու բաժինը:

Ա.Ադիբեկյանի խոսքով, xocali.net կայքում ներկայացված է ադրբեջանական քարոզչության կողմից խեղաթյուրված նյութերը, որոնց միջոցով ապատեղեկատվություն են տարածում:

«Ներկայացրած ցուցակները հակասում են մեկը մյուսին, 1992 թվականին արված հարցազրույցները, հայտարարությունները լիովին այլ բան են ասում, այսօվա հայտարարությունները՝ այլ, լիովին այլ կերպ է մատուցվում դեպքերը, տեսնում ենք լուրջ տարբերություններ»,- ասաց նա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ,  xocali.net կայքի անգլալեզու տարբերակը բավականին հարստացրել են, նոր ապացույցներ են տեղադրել կեղծիքների վերաբերյալ:

«Ադրբեջանական քարոզչությունը երկար տարիների Խոջալուի թեման միայնակ է զարգացել, քանի որ Հայաստանը պետական մակադրակով չէր անդրադառնում այս թեմային: Փաստացի երկար տարիներ հնարավորություն է ունեցել ներկայացնել իր տարբերակն առանց հակազդեցության՝ այդպես ներկայացնելով ահռելի քանակի  կեղծիքներ»,- նշեց նա:

azerichild.info կայքի անգլալեզու տարբերակում ներկայացված է հայատյացություն պարունակող մանկական ուսումնական գրականություն, մեթոդաբանություն, որտեղ հայերը, ըստ Ա.Ադիբեկյանի, ներկայացված են հրեշների տեսքով:

«Սկզբում  ռուսալեզու էր կայքը, քանի որ նյութրեը թարգմանում էինք ադրբեջաներենից: Այսօր նաև հասանելի է անգլերեն տարբերակով՝ այդպես հնարավորություն տալով ավելի շատ մարդկանց հասկանալու, թե ում հետ գործ ունենք»,- ասաց նա:

Հոգեբանական գիտություների թեկնածու Իզաբելա Ղազարյանի խոսքով, երեք տարեկան երեխայի մեջ սերմանում են, որ հայերը չար ուժեր են, և երեխաներն այդպես մեծանալով՝ նրանք հային ընկալում են, ճանաչում են ոչ թե որպես մարդ, այլ չար ուժ:

«Աշխարհը ճանաչում են խեղաթյուրված: Մինչև 12 տարեկան երեխաների մոտ ձևավորվում է՝ ինչպես են ճանաչում աշխարհը: Ադրբեջանցի երեխաները ճանաչում են աշխարհը, որտեղ հայը չար ուժ է»,- ասաց հոգեբանը:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով, վերջին տասնամյակներին ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանում պետական քարոզչական աշխատանքի հետևանքով  հայերին մեղավոր են համարում  Ադրբեջանում ամեն վատ բանի համար:

«Այն աստիճանի քարոզչություն է, որ նացիստական Գերմանիայում նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել, ինչպես այժմ Ադրբեջանում է»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շարունակվելու են նմանատիպ նախաձեռնությունները, Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ադրբեջանը մեզ հնարավորություն չի տալիս կանգ առնել, միշտ նյութեր են տալիս, որոնք վերլուծության կարիք ունեն»:

Ըստ նրա քանի դեռ Ադրբեջանը այդ ուղղու վրա է, իրենք անգործ չեն մնա:

Նա նաև տեղեկացրեց, որ նոր նախագծեր են արդեն մշակում, մասնավորապես Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին, հավաքել են հարուստ տեղեկատվական բազա:

Ըստ Ա.Ադիբեկյանի,  միջազգային ատյաններում քաջ ծանոթ են, թե ինչ սերունդ է Ադրբեջանում մեծանում, Ադրբեջանում դրսևորվող հայատյացության երևույթների մասին: Իսկ թե ինչու որևէ բան չեն անում, նրա խոսքով, այս դեպքում գործում է քաղաքականությունը: «Չեմ ակնկալում, որ էապես որևէ բան կփոխվի»,- ասաց Ա.Ադիբեկյանը:


Placeholder
«Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»