Նոր Ջուղան միջգաղթավայրային կարևոր նշանակություն է  ունեցել. Հուշարձանագետ
Մշակույթ
14:40 29/02/2016
Հայաստան

Նոր Ջուղան միջգաղթավայրային կարևոր նշանակություն է ունեցել. Հուշարձանագետ

«Բոլոր այն գաղթավայրերը, ուր մենք այցելում ենք, գերեզմանոցները շատ կարևոր են  ուսումնասիրության համար: Դրանք ոչ միայն տվյալ բնակավայրերի անձնագրերն են, այլ նաև տապանագրերը պարունակում են տեղանուններ, որից միանգամից հասկանում ենք, թե որտեղի հայերեն են այդտեղ հաստատվել»,- Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպված «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ այս առումով բացառություն չէ նաև Նոր Ջուղան, որի հասարակական գերազմանատանը  2009-2011 թվականներին 17-18-րդ դարերով թվագրվող 12 հազարից ավելի տապանաքարեր են ուսումնասիրել, լուսանկարել:

«12 հազար տապանաքարից միայն 250-ի տապանագրերն են պարունակում տեղանուններ: Տեղանուններ կան, որոնք գյուղերի են վերաբերում, որոնց անուններն իսպառ մոռացության են մատնվել, հայտնի չէ, թե հայրենիքի որ մասում են դրանք գտնվում, մինչև երբ են հայաբնակ եղել: Տարբեր տեսանկյունից մեր պատմական, աշխարհագրական վայրերի ուսումնասիրության առումով լրացնում են մեր իմացությունները»,- ասաց Ս.Կարապետյանը:

Ըստ նրա, Նոր Ջուղայի տապանագրերի վրայի տեղանունները կարելի է երկու խմբի բաժանել՝ տեղանուններ, որտեղ ծնվել է տվյալ հանգուցյալը, տեղանուններ, որոնք արդեն գաղթավայրի պատմության մաս են կազմում:

«Սա ցույց է տալիս, որ Նոր Ջուղան միջգաղթավայրային  կարևոր նշանակություն է  ունեցել: Տարբեր երկրներում ՝ Անատոլիայից մինչև Հնդկաստան, Միջագետք,  ծնված հայերն ի վերջո ամփոփվել են Նոր Ջուղայի գերեզմանոցում: Սա նշանակում է, որ իրենց կյանքի ընթացքում, ծավալած գործունեության բերումով կապված են եղել Նոր Ջուղայի հետ»,- ասաց Ս.Կարապետյանը:

Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա  թաղամասը կարևոր կենտրոն է եղել պարսկահայության համար։ Նոր Ջուղա հայաքաղաքը հիմնվել է 1606 թվին, երբ Շահ Աբաս Մեծը Արևելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300.000 հայ տեղահանեց ու գաղթեցրեց Իրանի խորքերը։

Placeholder
Նոր Ջուղան միջգաղթավայրային կարևոր նշանակություն է ունեցել. Հուշարձանագետ