Համատեղ հայտարարություն առողջության պահպանման ոլորտում
Առողջություն
17:16 01/03/2016
Հայաստան

Համատեղ հայտարարություն առողջության պահպանման ոլորտում

«Հանրային առողջության նոր մարտահրավերները» միջազգային համաժողովի առանցքում էր մասնակից երկրների երևանյան համատեղ հայտարարությունը, որը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության, Ռուսաստանի Դաշնության առողջապահության, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության, Վրաստանի Հանրապետության աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարները և Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակների կողմից հանրային առողջության պահպանման ոլորտում ստորագրած համատեղ փաստաթուղթը հայտարարում է, որ հանրային առողջությունն ազգային անվտագության ապահովման համար ոչ միայն առաջնահերթ գործոն է, այլև հասարակության արդյունավետ գործունեության, սոցիալ-տնտեսական քաղաքականության չափանիշ: Հայտարարությունն առկա խնդիրները հաղթահարելու նպատակով հաստատում է միջտարածաշրջանային, միջպետական համագործակցության անրաժեշտությունը:

Նշենք, որ համաժողովի շրջանակում կուրվագծվեն և համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին:

Ուշադրության կենտրոնում է նաև բնակչության առողջության պահպանման ռազմավարությունների մշակումը, հանրային առողջության որակի վերահսկման նորմատիվների ստեղծումը, որոշումների կայացման համար ժամանակակից մեթոդների ներդրումը: Միջոցառումը նպատակ ունի նաև նպաստելու երկրների միջև համագործակցության զարգացմանը և լիովին օգտագործելու առկա կարողությունները հանրային առողջության ոլորտի խնդիրների վրա այլ երկրների ուշադրությունը հրավիրելու հարցում: Երկօրյա համաժողովի շրջանակում զեկույցներով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետները: Արտերկրի գործընկերների հետ ընդլայնված կքննարկվեն մոր ու մանկան առողջության պահպանմանը, հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը, առողջապահության ցուցանիշների բարելավմանը վերաբերող հարցերը, կներկայացվեն հանրային առողջապահության մի քանի կարևոր ուղղություններով իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մանկական դիաբետի դեմ պայքարին ուղղված ազգային ծրագիրը:

Հայտարարության տեքստն այստեղ:

Placeholder
Համատեղ հայտարարություն առողջության պահպանման ոլորտում