Նելլի Գևորգյանի կոլաժների ցուցահանդեսը ազդարարում է գարնան մուտքը
Մշակույթ
10:35 01/03/2016
Հայաստան

Նելլի Գևորգյանի կոլաժների ցուցահանդեսը ազդարարում է գարնան մուտքը

Տարիներ շարունակ գարնան առաջին օրը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվում է ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը:  Այսօր բացվելու է հեղինակի 14-րդ անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է գարնան զարթոնքին և Կանանց միջազգային օրվան:

Panorama.am-ի հետ զրույցում Նելլի Գևորգյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է լինելու 38 կոլաժ: 

«Բոլորը նոր աշխատանքներ են՝ տարբեր թեմաներով: Ես աշխատում եմ երկրորդ կյանք տալ բոլոր անպետք իրերին՝ դրանցով ստեղծելով իմ կոլաժները: Նկուղներում մոռացված իրեր, արդուզարդ, պայուսակներ, կոշիկներ, ճարմանդներ, ուլունքներ՝ իմ կոլաժների շնորհիվ շարունակում են ապրել»,- ասաց ժողովրդական վարպետը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 10-ը:

Նելլի Գևորգյանի բոլոր՝ 14 ցուցահանդեսն էլ Հայաստանում է կազմակերպվել:  Հայաստանի սահմաններից դուրս ցուցահանդես կազմակերպելու համար, ըստ նրա, կան մի շարք խնդիրներ, նախ և առաջ՝ աշխատանքների տեղափոխման:

Լուսանկարները՝ Նելլի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Placeholder
Նելլի Գևորգյանի կոլաժների ցուցահանդեսը ազդարարում է գարնան մուտքը