Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են. նախարար
Հասարակություն
15:30 07/03/2016
Հայաստան

Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են. նախարար

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա  ոլորտներից է, որտեղ մեծ դերակատարություն ունեն նաև կանայք. Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են, որոնք ներգրավված են ոլորտի բոլոր ճյուղերում»,- «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությանն ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  

Նրա կարծիքով, հատկապես կանանց հոգատար աշխատանքով է պայմանավորված  հայրենական գյուղմթերքի բարձր համային և որակական հատկանիշները: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը  կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Իր խոսքում անդրադառնալով նաև կոոպերատիվների դերին գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման գործում՝ նախարարը, հատկապես ընդգծել է կանանց կոոպերատիվների կարևորությունը, որոնք ունենալով փոքր հզորություններ, մեծ արդյունք են տալիս ոլորտում:

Նախարարի խոսքով` կոոպերատիվների շարժումը  Հայաստանում նոր թափ է ստացել, այս պահին առկա են գործող 272 կոոպերատիվներ, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում և կարևոր է, որպեսզի այդ արդյունքը տեսանելի լինի բոլորի համար, և նրանց փորձը կիրառելով` մյուս գյուղացիական տնտեսությունները նույնպես համոզվեն` կոոպերատիվներին անդամագրումն բերելու է եկամուտների ավելացման:

Մրցանակաբաշխությունը անց է կացվում ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի և ձեռքբերումների՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում:

Միջոցառման ընթացքում մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանքը, կազմակերպվել է նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտես՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից: 

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անց է կացվում 2011 թվականից: Միջոցառման նպատակն է խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սնուցման անվտանգությանը: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը:

Միջոցառման ավարտին լավագույն արտադրողներին նախարար Սերգո Կարապետյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Այնուհետև նախարարը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:

Placeholder
Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են. նախարար