Աթենքում կբացվի «Հա­յաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը
Մշակույթ
20:15 09/03/2016

Աթենքում կբացվի «Հա­յաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը

Աթենքում «Բյուզանդական և քրիստոնեական ար­վեստի» թանգարանում hայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում մարտի 14-ի  կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ  մշակույթի նախարարությունից: 

Ցուցահանդեսը, որը կազ­մակերպվել է երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո, կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի նախագահների մասնակ­ցությամբ:

Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տա­րածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմու­թյան թանգարանի ցուցա­նմուշ­ներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը:

Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական ար­վեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջան­ներից: 

Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակր­թությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փո­փոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժ­նում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակու­թային եղեռնի մասին: 

«Հա­յաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշ­խարհային քաղա­քակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրա­հատուկ տարեգրությունը:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզ­վով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու ան­գլե­րեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր:
 

Placeholder
Աթենքում կբացվի «Հա­յաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը