Եթե արմատական փոփոխություններ չարվեն, ապա մեծ թվով ՓՄՁ-ներ կշարունակվեն փակվել. Գագիկ Մակարյան
Տնտեսություն
12:12 09/03/2016
Հայաստան

Եթե արմատական փոփոխություններ չարվեն, ապա մեծ թվով ՓՄՁ-ներ կշարունակվեն փակվել. Գագիկ Մակարյան

ՀՀ կառավարությունը նախորդ տարի հաստատեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը, սակայն ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից այս ուղղությամբ դեռևս էական գործողություններ չեն ձեռնարկվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝  անդրադառնալով ՓՄՁ-ների առջև ծառացած խնդիրների, գործազրկության մակարդակի հնարավոր աճի մասին:

Նրա խոսքերով՝  եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին՝ ըստ ռազմավարության, շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։

«Տարիների փորձը ցույց տվեց, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, քանի որ բազմաթիվ ընկերություններ բացվում են և նույնքան էլ փակվում: Բայց, ցավոք սրտի, մենք ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ որևէ քայլ չենք տեսնում: Իհարկե կարծում եմ, որ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ավելի ուշադրություն կդարձնի այս խնդրին»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներին, ապա ըստ նրա, հատկապես առևտրի ոլորտում վերջին շրջանում մեծ թվով ընկերություններ են փակվել, ինչը պայմանավորված է գնողունակության նվազմամբ: Բացի այդ, Գ.Մակարյանը գտնում է, որ Հայաստանում շուկան փոքր է, իսկ միկրոառևտրով զբաղվող ընկերությունները՝ բազմաթիվ, ուստի մեծ թվով ընկերություններ կանգնում են փակման  առաջ:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ամսական միջինը 800-1000 ընկերություն փակվում է, այսինքն՝ մոտ 8 հազար ՓՄՁ-ներ տարվա կտրվածքով տնտեսությունից դուրս են մնում, նույնքան ընկերությունն էլ ամեն տարի բացվում է, սակայն դրանք որևէ էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք նույն են՝ սահմանափակ շուկա, բնակչության նվազում, իսկ դա նշանակում է՝ գնողունակության անկում, անհավասար մրցակցություն: Բացի այդ, ըստ Գագիկ Մակարյանի, կա գրագիտության պակաս: Նրա խոսքերով՝ միկրո բիզնեսը հիմնականում գործունեություն է ծավալում առևտրի ոլորտում և նրանք ավելի շատ առևտրականներ են, քան ձեռնարկատերեր, ուստի այդ մարդիկ  առանձնապես գիտելիքներ չունեն մարկետինգի, շուկայի  մասին: 

«Երրորդ հիմնական խնդիրն էլ այն է, որ ՓՄՁ-ները տուժում են բարձր տոկոսադրույքով վարկերի, գրավի առկայության պատճառով: ՓՄՁ ԶԱԿ-ը տարեկան 100-120 ընկերության է կարողանում աջակցել, որպեսզի վարկ ստանան, սակայն դա գրեթե 100 անգամով պակաս է, քան պետք է շուկային»,- ասաց Գագիկ Մակարյանը՝  մատնանշելով նաև արտահանման խնդիրը:

Ըստ նրա՝ ՓՄՁ-ների մեծ մասն արտահանման պատրաստ չէ և անընդհատ ներքին շուկայում է փորձում զարգանալ,  իսկ եթե ներքին շուկայում չկա հավասար մրցակցություն, բնականաբար, այդ ընկերությունները երկար չեն կարող գոյատևել:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ եթե  արմատական փոփոխություններ չարվեն, ապա փոքր ու միջին բիզնեսը լուրջ խնդրի առաջ կկանգնի և մեծ թվով ՓՄՁ-ներ կշարունակվեն փակվել:  

Placeholder