Հայաստանի համար բացվել է հնարավորության դաշտ, այլ հարց է, թե ինչպես կօգտվենք. Գ. Իսկանդարյան
Տնտեսություն
14:06 09/03/2016
Հայաստան

Հայաստանի համար բացվել է հնարավորության դաշտ, այլ հարց է, թե ինչպես կօգտվենք. Գ. Իսկանդարյան

Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը մտնում է միջազգային տնտեսական շուկա և դառնում ակտիվ խաղացող, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի համար բացվել է հնարավորության դաշտ, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք օգտագործել դա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ միշտ էլ դրսի ապրանքները բավականին դժվարությամբ են մտել իրանական շուկա, քանի որ Իրանը վարել է ներփակ տնտեսությանը բնորոշ քաղաքականություն, բայց քանի որ Իրանի առջև բացվում է աշխարհը, ապա ինքն էլ իր հերթին ևս պետք է բացվի աշխարհի առջև:

«Հայկական ապրանքները դժվար են մտել Իրանի շուկա, կան տվյալներ, որ Իրան է արտահանվում 100 անուն ապրանք, իսկ Իրանից Հայաստան է ներկրվում  600 անուն ապրանք: Մեր առևտրաշրջանառության ծավալներն  Իրանի հետ այնքան էլ գոհացուցիչ չեն, և այս պահին նկատում եմ, որ երկուստեք իրականացվում է շուկաների ուսումնասիրություն և փորձում են դիտարկել այն գլխավոր ապրանքները, որոնք կարող են Հայաստանից արտահանել Իրան և հակառակը՝ ավելի քիչ տոկոսադրույքներով, որոնք շահեկան կլինեն երկու կողմերի համար»,-ասաց Գոհար Իսկանդարյանը՝  հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ ակտիվ քննարկումներ եղան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, որը թույլ է տալիս գործարար շրջանակներին ակտիվ քննարկել հարցը: 

Ինչ վերաբերում է Մեղրու ՀԷԿ-ին, Գոհար Իսկանդարյանն ասաց, որ այն բավականին լուրջ ծրագիր է, որի իրականացման  համար կարծես թե  որևէ խոչընդոտ չկա, սակայն  աշխատանքներ այդ ուղղությամբ չեն իրականացվում:

«Հիմնարկեքը տեղի ունեցավ, բայց աշխատանքները չեն իրականացվում։ Ինչո՞ւ, որովհետև Իրանը պատժամիջոցների ժամանակ չուներ անհրաժեշտ գումարներ, որ ներդներ այս նախագծի իրականացման համար, իսկ նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվելու է ԻԻՀ-ի կողմից»,- նշեց նա և հույս հայտնեց, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի:

Միաժամանակ նա նշեց, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի տնտեսությունը թռիչքային աճ չի արձանագրել և ԱՄՀ-ի տվյալներով՝ Իրանը միայն հաջորդ տարի կարող է տնտեսական աճ ունենալ: Ըստ նրա՝ Իրանը առաջին հերթին կարիք ունի ներդրումներ անել հենց իր երկրում և մի շարք երկրներ արդեն իսկ փորձում են այնտեղ ներդրումներ կատարել:

Իրանագետը կարծում է, որ նախընտրելի կլիներ Հայաստանն ավելի ակտիվ լիներ Իրանի համագործակցության հարցում:

«Իհարկե քայլեր արվել են, Նախագահի կողմից նաև հրահանգներ տրվել են, կարևորություն տրվել է և աշխատանքներ տարվել են և քայլեր արվում են»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Placeholder
Հայաստանի համար բացվել է հնարավորության դաշտ, այլ հարց է, թե ինչպես կօգտվենք. Գ. Իսկանդարյան