«Արմենիա» ավիաընկերության բաժնետեր. Հայաստանի քաղաքացին գոհ կլինի
Տնտեսություն
14:35 09/03/2016
Հայաստան

«Արմենիա» ավիաընկերության բաժնետեր. Հայաստանի քաղաքացին գոհ կլինի


«Մենք այնպիսի գներ ենք առաջարկելու, որ Հայաստանի քաղաքացիները գոհ լինեն, տոմսերի գները շատ բարձր չլինեն և հայերը հնարավորություն ունենան գնալ այն երկիր, որտեղ ցանկանում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:

Նա նշեց, որ իրենք կանոնավոր չվերթներ են իրականացնելու Ռուսաստան, Թեհրան, Դուբայ, Թել-Ավիվ, Կիև, Մինսկ, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն:

«Մեր աշխարհագրությունը ժամանակի ընթացքում կընդլայնվի»,- հավելեց Թ. Գաիաշվիլին:

Առաջին կանոնավոր չվերթները սկսվելու են ապրիլի 21-ից՝ ուղղությունը՝ Թել-Ավիվ, Մոսկվա: Ապրիլի սկզբին ավիաընկերությունը կունենա երեք ինքնաթիռ, այնուհետև կավելանան ինքնաթիռների քանակը:

Թ. Գաիաշվիլին նշեց, որ տոմսի նվազագույն արժեքը կլինի 49 եվրո՝ մեկ ուղղությամբ (առանց օդի հարկի և օդանավակայանի սպասարկման գնի)՝ երկու ամիս  առաջ գնելու դեպքում և առանց վերադարձնելու հնարավորության, իսկ վերջնական գինը (օդի հարկը և օդանավակայանի սպասարկման գինը գումարած)` 96 եվրո, որը կարող է փոխվել կապված փոխարժեքի, օդանավակայանների սպասարկման գնի փոփոխությունների հետ: 

Ավիաընկերության բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունն արդեն ստեղծվել է, ստացել են հավաստագիր, դիմել են ծրագրած ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար լիցենզիաներ ստանալու համար: 

Նա ասաց, որ օդաչուները, տեխնիկական անձնակազմը լինելու են Հայաստանի քաղաքացիներ: Նաև ակնկալում են, որ արտասահմանում աշխատող հայ օդաչուները  կվերադառնան՝ հայրենիքում աշխատելու համար:

Ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է  ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝  ՀՀ քաղաքացի Ռոբերտ Հովհաննիսյանին, 24 տոկոսը՝ Վրաստանի քաղաքացի Թամազ Գաիաշվիլիին:

Թ. Գաիաշվիլիին հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունից որևէ պաշտոնյա, այդ թվում նաև ՀՀ վարչապետը, որևէ մասնակցություն չունեն ընկերության ստեղծման գործում:

«Այդ ամենը խոսակցություններ են: Նման խոսակցությունները չեն բխում Հայաստանի շահերից: Աշխարհագրական առումով բավականին բարդ  տարածաշրջանում ենք ապրում: Հայաստանի համար ավիացիան շատ կարևոր է: Երկրի ղեկավարությունը պետք է օգնի և օգնում է, որպեսզի նոր ընկերություններ ստեղծվեն և ոտքի կանգնեն»,- ասաց նա:

Placeholder
«Արմենիա» ավիաընկերության բաժնետեր. Հայաստանի քաղաքացին գոհ կլինի