ՀՀ-ն և Իրանը հնարավորություն ունեն մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար. Մաջիդ Մեշքի
Մշակույթ
14:12 10/03/2016
Հայաստան

ՀՀ-ն և Իրանը հնարավորություն ունեն մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար. Մաջիդ Մեշքի

«Արվեստը բոլոր մարդկանց, ժողովուրդների միջև երկխոսության կոչ է: Մենք պարտավոր ենք գնալ այդ երկխոսության, քանի որ բոլորս խաղաղության կարիք ունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:

Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը մեծ հնարավորություն ունեն մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար. «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա անել»:

Ասուլիսին ներկա Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական մանրանկարչություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվի իրանցի ժամանակակից 30 նկարչի  շուրջ հինգ տասնյակ աշխատանք: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 11-ը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի նախաձեռնությամբ:

Ասուլիսին ներկա Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն  Մ․ Մոլլա Նորուզին գնահատմամբ, իրանական մանրանկարչությունը շատ յուրահատուկ է, տարբերվում է բոլոր արվեստներից:

«Եզակի ցուցահանդես է: Մեկ-երկու ամիս առաջ այդ նույն ցուցահանդեսը կազմակերպվեց նաև Իրանում՝ նվիրված Իրանի Իսլամական հեղափոխության 37- ամյակին: Մեծ արձագանք ունեցավ մեզ մոտ»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մի քանի նկարիչներ ներկա են լինելու ցուցահանդեսի բացմանը:

Նշենք, որ նախքան ասուլիսը Հայաստանի ազգային պատկերասրահի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև՝ ի դեմս տնօրեններ Ա․ Ծատուրյանի և Մ․ Մոլլա Նորուզիի, ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը, ըստ կողմերի, կնպաստի համագործակցության խորացմանը:

Placeholder
ՀՀ-ն և Իրանը հնարավորություն ունեն մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար. Մաջիդ Մեշքի