Մեդիայի ներկայացուցիչներ. Սահմանափակումներն ԸՕ-ում  աննախադեպ  են
Քաղաքական
12:36 10/03/2016

Մեդիայի ներկայացուցիչներ. Սահմանափակումներն ԸՕ-ում աննախադեպ են

«Ընտրական օրենսգրքի պատրաստումը շատ փակ գործընթաց էր: Քաղհասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցները հետաքրքրվում էին, թե որտեղ ու ինչպես է պատրաստվում փաստաթուղթը, ուզում էին մասնակցել գործընթացին, ներկայացնել առաջարկություններ, բայց փաստորեն իշխանությունները չընդգրկեցին նրանց այդ գործում»:

«Մեդիա կենտրոնում» «Դիտորդների և լրագրողների սահմանափակումները նոր Ընտրական օրենսգրքի նախագծում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Ստացվեց այնպես, որ փաստաթուղթը պատրաստվեց, ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, իսկ երկրի ներսում հանրությունը տեղյակ չէր, թե ինչ փաստաթուղթ է դա»,-նկատեց Ա. Մելիքյանը:

Քննարկմանը մասնակցող «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ ավելացրեց, որ հայտնի էլ չէր, թե ովքեր մշակեցին Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Մելիքյանը մտավախություն հայտնեց, որ ԸՕ-ի նախագիծն էլ շատ արագ կանցկացնեն, առանց լայն քննարկումների:

Անդրադառնալով ընտրական տեղամասում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և վստահված անձանց  թվի ու լիազորությունների սահմանափակմանը, Կոմիտեի նախագահը դրանք տարօրինակ որակեց, նշելով, որ դրանց համար հստակ ու ընդունելի հիմնավորումներ չկան:

Արմինե Օհանյանն էլ նման սահմանափակումներն օրենսգրքում ընդգրկելն աննախադեպ  որակեց:

«Խնդիրն այն է, որ վերջին տարիների ընթացքում ընտրական գործընթացների նկատմամբ ունենք մեծ անվստահություն: Եթե իշխանությունը ցանկանում էր վստահությունը բարձրացնել, ի վերջո ես կարծում եմ, դա գլխավոր խնդիրներից մեկն է, ուրեմն պետք է խուսափեին ընդհանրապես սահմանափակումներից, այլ ոչ թե նման անհեթեթ դրույթ մտցնեին օրենքի մեջ»,-ասաց խմբագիրը, հիշելով, որ նախկինում քվեարկության ընթացքին հետևելու համար լրագրողներից ոչ բեյջեր, ոչ էլ հավատարմագրեր էին պահանջում:

Օհանյանը միաժամանակ նկատեց, որ ի տարբերություն 90-ական թվականների այսօր բազմաթիվ են լրատվամիջոցները, հետևաբար, լրագրողների թիվն անհամեմատ մեծ է, իսկ սահմանված 8 թիվը շատ փոքր է:

«Ես չեմ բացառում, որ ընտրության օրերին ստեղծվեն կեղծ լրատվամիջոցներ, ինչի հետևանքով տարիներ շարունակ գործող լրատվամիջոցների լրագրողները դուրս մնան այդ գործընթացից»,-ասաց նա:

Placeholder
Մեդիայի ներկայացուցիչներ. Սահմանափակումներն ԸՕ-ում աննախադեպ են