«Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը» կկազմակերպվի Հայաստանում
Կրթություն, գիտություն
11:17 11/03/2016
Հայաստան

«Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը» կկազմակերպվի Հայաստանում

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատակամ է ՀՀ մարզերում  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման գործում: Այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շարունակականության ապահովման և աշնանը Հայաստանում նախատեսվող «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումի» կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Լ. Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը: 

Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը 3 մարզերում իրականացվում է ՀՀ  կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի  տարրական դպրոցի շուրջ 90 հազար աշակերտներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ դպրոցներում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական  միջոցների բարելավման հետ կապված հարցերին:

Անդրադառնալով ՀՀ կառավարության, «Երեխաների սնուցման գլոբալ  հիմնադրամի» և ՊՀԾ գերազանցության կենտրոնի/Բրազիլիա/ կողմից համատեղ կազմակերպվող «Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ  ֆորումին»՝ նախարարն ընդգծել է, որ  այն Հայաստանի համար խիստ պատասխանատու և հեղինակավոր միջոցառում է: Նշվել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որտեղ անցկացվելու է «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը»: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն   շուրջ 50 երկրների բարձրաստիճան  ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ  ֆորումի կազմակերպման հարցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու Ռուսաստանի  պարենի ճյուղային սննդի ինստիտուտը կցուցաբերեն աջակցություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Placeholder