Առանց ազգային արժեքների` չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ. Լ. Մկրտչյան
Կրթություն, գիտություն
16:56 12/03/2016
Հայաստան

Առանց ազգային արժեքների` չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ. Լ. Մկրտչյան

Կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը: Այս մասին նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին: Տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Կրթական համակարգի բարեփոխումները, որոնք սկսվել են  անկախության 10-րդ տարվանից և շարունակվում են առ այսօր, երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Սա նշանակում է նախ, որ մեր կրթական համակարգն  իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական  ընդհանուր համակարգի մեջ:

Երկրորդ, որն առավել կարևոր բաղաղրիչ է, կրթության որակի խնդիրն է: Այսինքն, եթե մենք ձևը ներմուծում ենք՝ դրա մեջ չդնելով որակ,  մեր աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը: Որակի և համապատասխանության հավասարակշռության  խնդիրը  մեր հիմնական ուղենիշն է լինելու: Այն փուլում, երբ մենք ներմուծում էինք համակարգեր, որոնք նորամուծություն էին մեզ համար՝ սկսած դասագրքերից,  տեխնիկական ապահովման բաղադրիչներից և կրթական չափորոշիչներից,  ձևը դարձավ գերակա: Մենք Հայաստանի Հանրապետությունում չունեինք համապատասխան փորձ, անկախ  պետության  կրթական կարիքներին բնորոշ օրենսդրություն, որը փորձեցինք ստանալ խորհրդային և միջազգային օրենսդրության միախառնմամբ, սրան գումարած նաև վատ էր դպրոցների տեխնիկական վիճակը, քիչ էր ֆինանսավորումը: Այս տարիների ընթացքում փորձել ենք այս հարցերին լուծում գտնել, բայց նաև նշված գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում մենք ունեցանք բովանդակային կորուստներ: Բայց հիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ  բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը»,-իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ կրթական բարեփոխումների ու որոկի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ:

«Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստարատուրան»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: 

Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերեզանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում. գաղափար, որն այսօր առաջարկվում է Արարատյան բակալավրիատի ծրագրով:

Placeholder