Գյուղացին նույնիսկ մատչելի պարարտանյութ գնելու հնարավորություն չունի
Տնտեսություն
09:00 14/03/2016

Գյուղացին նույնիսկ մատչելի պարարտանյութ գնելու հնարավորություն չունի

Գյուղացիների մեծ մասն այսօր հողը մշակում է այնքան, ինչքան թույլ են տալիս հնարավորությունները: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ պարագայում ոչ բարձր բերքատվությունը կապահովվի, ոչ էլ որակական հատկանիշները:

«Շատ կարևոր է արտադրվող արտադրանքի որակը: Պետք է անպայման փորձել ստանալ այնպիսի արտադրանք, որն իր որակական ու համային հատկանիշներով, տեսքով մրցունակ լինի արտաքին շուկայում»,-ասաց փոխնախարարը:

Նման արտադրանք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը հողի՝ անհրաժեշտ չափով պարարտացումն է: Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ նախկինի համեմատ պարարտանյութերի վաճառքի ծավալները կրճատվել են:

Պետրոսյանը հիշում է, որ խորհրդային տարիներին սպառվում էր 120 հազար տոննա ֆոսֆորական պարարտանյութ, հիմա այդ թիվը մի քանի անգամ կրճատվել է:

«Գյուղանտեսության նախարարությունը հիմա ընդամենը մի քանի հազար տոննա  ֆոսֆորական  պարարտանյութ է ներմուծել, որը շուկայականից  50 տոկոս ավելի էժան է՝ 1 պարկը 7 հազար դրամ: Սպառումը շատ քիչ է: Այսօր 2-3 հազար տոննա չի սպառվում»,-ասաց գյուղնախարարության պաշտոնյան:

Նա գիտի, որ իրականում պարարտանյութի  մեծ պահանջարկ կա, սակայն գյուղացին այն ձեռքբերելու հնարավորություն չունի: Գյուղացուն օգնելու համար պետությունը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում է իրականացնում, ինչի արդյունքում տարեկան 14 տոկոս տոկասդրույքով վարկը գյուղացիներին տրվում է 8 տոկոսով:

«Պետությունը շուրջ 1 մլրդ 163 մլն  դրամ սուբսիդիա է տրամադրում: Սա լուրջ գումար  է, բայց նորից եմ նշում, դա դեռևս բավարար չէ»,-ասաց Գ. Պետրոսյանը, հիշեցնելով, որ եթե այգին լիարժեք չի պարարտացվում, ագրոտեխնիկական բոլոր  միջոցառումները լիարժեք չեն իրականացվում, ապա բարձրորակ ու առատ բերքի, առավել ևս շահույթի մասին խոսելն ավելորդ է:

Բարձր բերքատվության ապահովման առումով պաշտոնյան մատնացույց է անում եվրոպական երկրների հաջողված փորձը:

«Հայաստանում դեռևս օգտագործում են այն նույն հնարավորությունները, ինչ 100-200 տարի առաջ: Մինչդեռ այսօր կյանքը բավականին առաջ է գնացել, և այսօր ինտենսիվ այգիներ են հիմնում»,-ասաց Պետրոսյանը:

Սովորական պայմաններում 1 հա հողամասում տեղադրվում  է շուրջ 200 ծիրանենի, իսկ եվրոպական երկրներում առնվազն եռապատիկ, քառապատիկ կամ հնգապատիկ ավելի ծառ: Դրանք ավելի կարճ են, հետևաբար, խնամքի աշխատանքներն ու բերքահավաքն էլ ավելի հեշտ է, ստացվում է  բարձրորակ արտադրանք:

Միաժամանակ նախարարի տեղակալն ընդունում է, որ նման ծրագրերի իրականացման համար լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր:

«Եթե որակական առումով, հատկապես համային հատկանիշներով մեր գյուղացիական մթերքները միանշանակ մրցունակ են, և շատ դեպքերում մեր ապրանքանիշի անվան տակ մեր հարևան երկրները ներկայացնում են իրենց արտադրանքը, սակայն առանձին դեպքերում գնային առումով մեր արտադրանքը մրցունակ չէ»,-ասաց նա:

Placeholder
Գյուղացին նույնիսկ մատչելի պարարտանյութ գնելու հնարավորություն չունի