Թուրքիայում բնակվող հայերը նման դեպքերում կրկնակի վախ են ունենում. Տիրան Լոքմագյոզյան
Քաղաքական
12:34 14/03/2016

Թուրքիայում բնակվող հայերը նման դեպքերում կրկնակի վախ են ունենում. Տիրան Լոքմագյոզյան

Թուրքական իշխանությունը նախօրեին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կօգտագործի  հակաքրդական պայքարում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

«Թեև դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն նման դեպքերը Թուրքիայի ղեկավարությունը մշտապես օգտագործում է հակաքրդական կեցվածքը զարգացնելու ուղղությամբ»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ նախկին պայթյունից հետո էլ Թուրքիան հայտարարեց, թե քրդերի կողմից էր կազմակերպվել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել էր ահաբեկչություն իրականացրած անձը, ում հետևում լիովին այլ կազմակերպություն էր կանգնած:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ վիրավորվել է: Վիրավորներից 19-ի վիճակը ծանր է:

Խոսելով Թուրքիայում բնակվող հայերի մասին, թուրքագետն ասաց, որ նման դեպքերում կրկնակի վախ են ունենում՝ կապված երկրի անվտանգության հետ, որ այլևս ապահոված չէ և անձնական վախեր:

«Թուրքիայում եթե ինչ-որ բան է տեղի ունենում, առաջին հերթին, իհարկե, թիրախ են դառնում փոքրամասնությունները, նախ և առաջ՝ հայերը: Սա կրկին մենք տեսանք վերջին շրջանում, երբ թուրքական պետությունը քրդերի նկատմամբ գործողություններ էր կատարում ոստիկանության, հատուկ ջոկատայինների միջոցով, հնչում էր ավելի շատ հայի անուն, քան քրդի, կարծես հայերի դեմ էին պայքարում: Կամ՝ ոստիկանները և զինվորականները տարբեր քրդական քաղաքներ էին մտնում, բարձրախոսով կանչում էին, իհարկե, վիրավորելու համար, դուք բոլորդ հայ եք: «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերը թուլացնելու համար ասում են, թե իբր այն իրականում հայկական կազմակերպություն է, հայերն են գլխավորում, կռվողների մեծ մասը հայեր են»,- ասաց Տ. Լոքմագյոզյանը:

Placeholder
Թուրքիայում բնակվող հայերը նման դեպքերում կրկնակի վախ են ունենում. Տիրան Լոքմագյոզյան