Հալեպահայ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվում է Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում
Մշակույթ
09:30 14/03/2016
Աշխարհ

Հալեպահայ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվում է Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում

Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մեկ աշխարհ» 18-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում ներկայացվում է 62 երկրից 123 հեղինակային ֆիլմ, այդ թվում նաև հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների»  ֆիլմը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Չեխական հայտնի փառատոնը մեկնարկել է մարտի 7-ին, կշարունակվի մինչև մարտի 16-ը:

«Տներ առանց դռների»  ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է  շրջանի ավերածությունները, բնակչությանը, ով դիմագրավել էր դժվարությունները և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:

Հիշեցնենք, որ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների»  ֆիլմն անցած ամիս ներկայացվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում, լայն արձագանք գտել  ու բարձր գնահատվել միջազգային տարբեր շրջանակների կողմից: Օտարալեզու մամուլը ևս անդրադարձել է սիրիահայ բեմադրիչի ֆիլմին: 

Ա.Գաբրիելյանը տարբեր երկրից հրավեր է ստացել՝ ներկայացնելու իր ֆիլմը:

Ավո Գաբրիելյանի ֆիլմը Պրահայում  ներկայացվել է մարտի 11-ին, 13-ին,  կներկայացվի նաև մարտի 15-ին:

Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:

Placeholder
Հալեպահայ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվում է Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում