Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Արոնյան. «Կանայք սիրում են հաջողակ տղամարդկանց, իսկ հաջողակները սովորաբար խելացի են»
Այս օրերին Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Մրցաշարի մեկնարկից առաջ ռուսական հայտնի GQ պարբերականը հարցազրույց է վերցրել մասնակիցներից: Ստորև ներկայացնում ենք Լևոն Արոնյանի հետ հարցազրույցը:
- Ո՞վ կլինեիք, եթե շախմատ չխաղայիք:
- Կզբաղվեի արվեստով, երաժշտությամբ կամ դրանց մոտ այլ մասնագիտությամբ, որում հնարավոր է դրսևորվել:
- Ինչպիսի՞ն եք Ձեզ տեսնում 10 տարի անց:
- Աշխատում եմ չմտածել այդ մասին, չգուշակել: Ես մարդ եմ, ով միշտ ընդառաջ է գնում կյանքին, ուստի ինձ համար շատ դժվար է կանխատեսել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ կամ նայել այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են շախմատով:
- Մեր խաղում յուրաքանչյուր մարդ կարող է գտնել այն, ինչը մոտ է իրեն: Սկզբունքորեն այն գեղեցկությունը, մաթեմատիկական, տրամաբանական ու դերասանական կազմը, որը կարելի է գտնել՝ սովորելով խաղալ շախմատ, չի բավարարում ժամանակակից հանրությանը: Շախմատի շնորհիվ կարելի է սովորել ավելի ազատ լինել, հնարավոր է՝ նաև կանխագուշակել, թե ուր և ինչպես կգնա ժամանակը: Կարող եմ խորհուրդ տալ Յասունարի Կավաբատիի «Գո խաղի վարպետը», Գերման Հեսսեի «Բիսեր խաղը» գրքերը: Դրանք շատ մոտ են շախմատային խաղին: Շախմատի մասին ֆիլմեր քիչ եմ տեսել:
- Հիշեք մի դրվագ կյանքից, երբ շախմատում ձեռք բերած փորձն օգնել է:
- Դրանք տարբեր դեպքերում օգնել են ինձ ողջ կյանքիս ընթացքում: Հաճախ է լինում, երբ մարդուն երկու կողմից ես նայում: Ենթադրենք՝ շախմատում դու թույլ զինվոր ունես, սակայն եթե աշխատես նրա ուղղությամբ, կարող է ուժեղ դառնալ: Ուստի մարդկանց մեջ միշտ փորձում եմ տեսնել պոտենցիալ առավելությունը, այսինքն՝ լավը տեսնել:
- Ասում են՝ կանայք սիրում են խելացի տղամարդկանց: Դուք դա ճշմարտություն համարո՞ւմ եք:
- Կարծում եմ՝ այո: Այնպես է դասավորվել, որ կանայք սիրում են հաջողակ տղամարդկանց, իսկ հաջողակները սովորաբար խելացի են:
- Ո՞ւմ հետ կուզեիք հայտնվել նույն խաղատախտակի առջև:
- Կարող եմ հիշել իմ հայրենակից Տիգրան Պետրոսյանին, ով աշխարհի 9-րդ չեմպիոնն է: Կուզեի խաղալ նրա հետ:
- Եթե ժամանակակից ջենտլմենն սկսի զբաղվել շախմատով, ինչպե՞ս կփոխվի նրա կյանքը:
- Շատ հարցերում, եթե մինչ այդ շախմատ խաղալ չի իմացել, նրա համար հենարան կլինի, որովհետև, բացի քննադատական ու վերացական մտածողությունից, ավելանում է նաև ընկալումը, որ յուրաքանչյուր քայլ շատ բան է փոխում, և մարդն սկսում է ավելի բարձր գնահատել իր ժամանակն ու կյանքը: