«Երևանի կենտրոնի մասին» օրենքը ծնվել է հանրային պահանջի հիման վրա. Նախարար
Հասարակություն
12:25 15/03/2016

«Երևանի կենտրոնի մասին» օրենքը ծնվել է հանրային պահանջի հիման վրա. Նախարար

«Երևանի կենտրոնի մասին» օրենքը մի քանի օր առաջ ներկայացվել է Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ օրենքը ծնվել է հանրային պահանջի հիման վրա և կպատասխանի բոլոր հուզող հարցերին:

«Օրենքի համաձայն, Երևանի կենտրոնում բոլոր հատակագծերը պարտադիր պետք է մշակվեն, հատուկ բանաձևերով կարգավորվի խտությունը, պատժամիջոցներն ավելանալու են»,- ասաց նախարարը:

Խոսելով կոնկրետ Երևանի կենտրոնում գտնվող հին շենքերի մասին, որոնք պարբերաբար քանդվում են, Ն.Սարգսյանն ասաց, որ դրանք 100-150 տարվա պատմություն ունեն, առաջին հերթին կարևոր են քաղաքաշինական միջավայրի հատվածի, այսինքն արտաքին մասով:

«Այնտեղ, որտեղ հնարավոր է պահպանել նաև ինտերիերը, պետք է փորձել «Հին Երևան» ծրագրում առավելագույնս վերականգնել: Սակայն, չեմ կարծում, որ միշտ կարող է հաջողվել: Առավել կարևոր են շենքերի դիրքը, ճակատները քաղաքի մեջ»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե միայն ճակատային մասը պահպանելով արդյո՞ք պահպանվում է  տվյալ շենքի մշակութային արժեքը, Ն.Սարգսյանը Փարիզից մի օրինակ բերեց. «Եղավ մի պահ, որ Փարիզի կենտրոնն այլևս չէր օգտագործվում, քանի որ  խիստ դրված էր, որ բոլոր շենքերը մնան որպես հուշարձաններ: Կյանքը սկսեց կամաց-կամաց քաղաքի կենտրոնից դուրս գալ: Ստիպված եղան քաղաքի կենտրոնի բոլոր շենքերի առաջին և երկրորդ հարկերը քանդել, ամբողջությամբ ապակե վիտրինաներ անել»:

Միաժամանակ նախարարը շեշտեց, որ պատմական շերտերն անպայման պետք է պահպանվեն, դրանք քաղաքի հարստությունն են:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե համաձա՞յն եք այն  կարծիքներին, որ բոլոր կառուցապատումներն իրականացվում են նախ՝ բիզնես շահերից ելնելով, պատմական, մշակութային արժեքների պահպանությունը երկրորդ, երրորդ պլան է մղվում, Նարեկ Սարգսյանն ասաց, որ նման մեկնաբանությունները կապված են այն հանգամանքի հետ, որ բոլոր կառուցապտողները մասնավոր անձեր են:

«Քիչ դեպքերում է, որ այսօրվա կառուցապատողը պետությունն է»,- նշեց նա:

Placeholder