Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել ենք. Գառնիկ Պետրոսյան
Հասարակություն
14:00 16/03/2016
Հայաստան

Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել ենք. Գառնիկ Պետրոսյան

Ջերմաստիճանի անկման հետ կապված կանխատեսումը անակնալ չէ, փետրվար ամսին դեռ դրա մասին մտահոգություններ կային: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը՝ նշելով, որ մինչ այս հանրապետությունում դիտված բարձր ջերմաստիճանի արդյունքում պտղատու ծառատեսակների մոտ ակտիվ ծաղկման պրոցեսներ ընթացան:

«Այսօր էլ ծաղման երևույթը շարունակվում է: Արարատյան դաշտում առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում, կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում, կան և չբացվածներ, տարբեր իրավիճակներ են»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝  հնարավոր միջոցներ, տարբերակներ կան, որոնք կարելի է կիրառել ներկայիս օդի ջերմաստիճանի անկման պարագայում և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները. «Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել էինք, որ պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք»:

Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ մարտի 18-19-ի գիշերային ժամերին միանշանակ պետք է դիմել այդ միջոցներին, իսկ որտեղ կա ոռոգման հնարավորություն՝ այգիները պետք է ոռոգել:

Փոխնախարարն, անցած տարիների փորձից ելնելով, խորհուրդ տվեց ճիշտ կատարել ծխակույտերի ծխեցումը, քանի որ շատ հաճախ ցրտահարության նախօրյակին, երեկոյան ժամերին, երբ դեռևս դրական ջերմաստիճան է և որևէ վտանգ չկա, առանձին տեղերում այրում են կատարում. «Այդ ծխակույտները պետք է ծխեցնել, երբ ջերմաստիճանը մոտենում է 0-ին: Երբեք չպետք է թույլ տալ, որ բոցավառվի, քանի որ դա արդյունք չի տալիս: Կույտերը  պետք է ծածկել թաց նյութերով, կամ հողով»:

Նա խորհուրդ տվեց տասնյակ ծխակույտեր պատրաստել, նաև անհրաժեշտ է ծխատուփեր օգտագործել:

Գ. Պետրոսյանը հույս հայտնեց, որ դեղձենին, կամ այլ կորիզավորներ առանձնապես շատ չեն տուժի. «Արդյունաբերական նշանակություն ունեցող պտղատեսակներից հիմնականում ամենախոցելին ծիրանենին է և մեր անհանգստությունը կախված է ծիրանենու այգիների հետ»:

Բանախոսը նաև կոչ արեց ուշադիր լինել սինթետիկ թաղանթների տակ մշակվող բանջարաբոստանային մշակաբույսերի, բանջարեղենի սածիլների  պահպանությունը ապահովելուն և ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետք է կրկնակի ծածկոցներ օգտագործել:

Placeholder