Ամալ Քլունին պատասխանել է ադրբեջանցիներին
Իրավունք
14:54 16/03/2016
Աշխարհ

Ամալ Քլունին պատասխանել է ադրբեջանցիներին

Այնպես է ստացվել, որ ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ էլ հասկանում, թե դա ինչ նշանակություն կարող է ունենալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությանը տված հարցազրույցում ասել է հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրեն հայկական արմատներ վերագրելուն:

«Չեմ պատկերացնում, թե որևէ ազգության իմ պատկանելը, ինչպիսին էլ որ այն լինի, պետք է հեղինակազրկի ինձ: Այն փաստը, որ ես ներկայացրել եմ Հայաստանի շահերը, ինձ հայ չի դարձնում»,- նշել է Ամալ Քլունին:

Ծառայությունը հիշեցնում է, որ Ադրբեջանում թե պաշտոնական և թե հասարակության մակարդակում սկսեցին մեղադրանքներ և քննադատություններ տեղալ հայտնի իրավապաշտպանի հասցեին այն բանից հետո, երբ վերջինս «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ում ներկայացրել էր Հայաստանի կառավարության շահերը: Ծառայությունը նաև հիշեցնում է, որ Քլունիի ամուսինը՝ հայտնի դերասան Ջորջ Քլունին, աջակցում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «100 կյանք» հիմնադրամին:

Ամալ Քլունիի նկատմամբ «հարձակումները» Ադրբեջանում պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ նա ստանձնել է ձերբակալված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերի պաշտպանությունը՝ ՄԻԵԴ-ում ընդդեմ Ադրբեջանի կառավարության:

Իր հերթին Խադիջա Իսմայիլով նշել է, որ ինքը Քլունիին ընտրել է, քանի որ գոհ է նրա պաշտպանությունից, իսկ  հայկական արմատներ ունենալու մասին հարցեր չի տվել, քանզի «քաղաքակիրթ աշխարհում նման հարցեր չեն տալիս»:

Placeholder
Ամալ Քլունին պատասխանել է ադրբեջանցիներին