Լևոն Մկրտչյանը շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց
Կրթություն, գիտություն
14:52 17/03/2016
Հայաստան

Լևոն Մկրտչյանը շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենները:

«Խորհրդակցության ընթացքում կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները: Բոլոր քննարկումները հրապարակային են լինելու»,- նշեց Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարն ասաց նաև, որ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում և գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց:

«Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: Կփորձենք ինչ-որ ձևով ձևակերպել բոլորիս՝ հանրակրթությանը հուզող հիմնահարցերը: Կա երեք շերտ՝ աշակերտ-ծնող-ուսուցիչ: Յուրաքանչյուր շերտն ունի իր խնդիրները  և  կփորձենք հասկանալ, որոնք են պրոբլեմները, որից հետո քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ ուսուցիչներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ծնողները դժգոհում են, որ երեխաների ծանրաբեռնվածությունը մեծ է՝ տարիքին ոչ համապատասխան, և նման խնդիրները պետք է քննարկեն խորհրդակցության ժամանակ:

Placeholder
Լևոն Մկրտչյանը շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց