Երերույք հնագիտական հուշարձանը՝ Եվրոպա Նոստրա­յի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում
Մշակույթ
09:15 17/03/2016
Հայաստան

Երերույք հնագիտական հուշարձանը՝ Եվրոպա Նոստրա­յի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում

Եվրոպա Նոստրա­յի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկվել է Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը (Հայաստան):  ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս մասին նախօրեին Վենետիկում` Ատանեո Վենետոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Եվրոպա Նոստրա կազմակերպությունը և «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը» (EIBI):

Հայաստանը «Եվրոպա Նոստրա» կազմա­կեր­պությանն անդամակցում է 2012 թվականից: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է, որը հիմնադրվել է 1963 թվականին և ներկայում ունի 42 անդամ-երկիր: Կազմակերպության հիմնական նպատակն է քաղա­քացիական հասարակության միջոցով պահպանել և խթանել Եվրոպայի մշա­կութային և բնական ժառանգությունը: Այն իր գործունեությունը ծավալում է «7 առավել վտանգվածներ» ծրագրի և 5 մրցանակների միջոցով («Պահպանություն», «Հե­տա­զոտություն և թվայնացում», «Անհատ­նե­րի կամ կազմակերպությունների նվիրված աշխատանք», «Կրթու­թյուն, վերա­պատրաստում և հանրահռչակում», «Հանրության ընտրություն» անվանակարգեր):

«7 առավել վտանգվածների» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին «Եվրոպա Նոստրայի» կողմից՝ «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի» և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի հետ համատեղ և կոչված է հա­մակարգելու հուշարձանների պահպանումն ու դրանց հետագա օգտագործումը՝ բացահայտելով ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուր­ների տարբե­րակներ: Ծրա­գրին, որպես Եվրոպա Նոստրայի «Ժառան­գու­թյան ինտե­գրում» ցանցային նախա­գծի մի մասի, աջակցում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը:

«7 առավել վտանգված» հուշարձանների ցանկն ընտրվում է Եվրոպա Նոս­տրայի խոր­հրդի կողմից` 14 առավել վտանգված հուշարձանների ցանկից, որն իր հերթին ձևավորվում և ընտրվում է պատմաբանների, հնագետների, ճարտա­րա­պետ­ների, նախագծողների և ֆինանսական վերլուծաբանների կողմից:

«Եվրոպա Նոստրայի» մրցանակաբաշխությանը մինչ օրս Հայաստանից ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը (2013 թվականին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի հայտը (2014 և 2016 թվականներին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը հայտը (2016 թվականին ընդգրկվել է «7 առավել վտանգվածների» ցանկում): Հիշյալ ցանկի մեջ 2013 թ. ընդ­գրկվել էր նաև Թուր­քիայի Մարդինի (Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մար­դինի վի­լայեթի վարչական կենտրոնը), Սբ Գևորգ հայկական եկեղեցին (5-րդ դար), որը մրցանա­կա­բաշ­խության էր ներկայացվել Հայկական կաթոլիկ եկեղե­ցական հա­մայնքի հիմնա­դրամի աջակցությամբ:

2013 թ. «Ժա­ռանգության բնա­գավառում օրինակելի ներդրում ունենալու հա­մար» «Եվրոպա Նոստրայի» պատվոգրով պարգևա­տրվել է «Հայկա­կան ճարտարապետությունն ուսումնասիրող կազմա­կերպությունը (ՀՃՈւԿ-RAA):

2015 թվականին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում «Եվրոպա Նոստրայի» մրցանակին է արժանացել ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների համագործակցությամբ իրականացված «Մշակութային ժառանգու­թյան պահպանումը Հայաստանում» ծրագիրը: 2015 թ. հոկտեմբերի 24-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնա­նկարների դահլիճում կայացավ վերոնշյալ մրցանակների հանձնման արարո­ղու­թյունը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, «Եվրոպա Նոստրա» մշա­կութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը, իսկ «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցա­նակի է արժանացել Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցին:

2015 թվականին «Հանրության ընտրություն» անվանակարգում 2-րդ և 3-րդ պատվավոր տե­ղերը, համապատասխանաբար, կիսեցին Դիարբեքիրի Սբ Կի­րակոս և Նի­կոզիայի հայկական եկեղեցիները:

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում, ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախարիսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ըստ ճարտարապետ Թ. Թորամանյանի նկարագրության, ակնհայտ են տարբեր ժամանակների վերակառուցումները: Նախնական կառույցին տարբեր ժամանակներում հավելել են արևմտյան կողմի նախասրահը, կողային սենյակները, հարավային և հյուսիսային ճակատներին կից արտաքին սրահները և այժմյան բազմաստիճան գետնախարիսխը: Այս ամենը արված է մեծ վարպետությամբ, գեղարվեստական ճաշակով` ստեղծելով ժամանակի ճարտարապետական ոգուն համապատասխան նոր` առավել բարդ ու ամբողջական կառույց: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Ճարտարապետական որոշ մանրամասեր, ինչպես և շքամուտքերի հորինվածքը ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար: Պահպանվել են որմնանկարչության հետքեր: hushardzan.am կայքի համաձայն, ըստ XX դ. սկզբին արված լուսանկարների` պահպանվել էին տաճարի հարավարևմտյան ավանդատան արևմտյան և հյուսիսային պատերը: Սակայն դրանցից մեզ են հասել միայն ավերակները, հյուսիսարևմտյան ավանդատան հյուսիսային պատը, շաղախից անջատված հարավարևելյան երեսապատը:

Վերանորոգվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից դեռևս 1928-29 թթ., ամրացվել են հարավային երեսապատի պակասող մասերը, արևելյան պատի բացվածքը և պատերի որոշ հատվածներ: 1948 թ. ձեռնարկվել է ոչ մեծ ծավալի ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958 թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի:

 

Placeholder
Երերույք հնագիտական հուշարձանը՝ Եվրոպա Նոստրա­յի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում