Ապրեսյան. Միայն 2015-ին Հայաստանում չորս նոր հյուրանոց է բացվել
Տնտեսություն
14:40 18/03/2016
Հայաստան

Ապրեսյան. Միայն 2015-ին Հայաստանում չորս նոր հյուրանոց է բացվել

Ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 1 տոկոսով: Բացարձակ թվով կազմել է 1 մլն 192 հազար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր ներկայացրեց էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատմամբ: Ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված Ռուսաստանից նվազել են այցելությունները ոչ միայն Հայաստանի ուղղությամբ»,-մանրամասնեց Մ. Ապրեսյանը:

Նա վկայակոչեց  ՌԴ պաշտոնական տվյալները, որոնց համաձայն 2015-ի 9 ամիսների ընթացքում 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 35 տոկոս անկում, դեպի Հայաստան՝ մոտ 6 տոկոս:

«Ունենք չնչին նվազում Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, բայց ունենք զգալի աճ Իրանից, ԱՄԷ-ից, Ավստալիայից, Գերմանիայից, Իրաքից: Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ կա հետաքրքրության աճ, զբոսաշրջային այցելություններն ավելանում են: Ենթակառուցվածքների առումով ևս մենք ունենք զարգացում, զգալի հաջողություններ»,-ասաց Ապրեսյանը:

Նրա ներկայացրած տվյալներով, միայն 2015-ին Հայաստանում չորս նոր հյուրանոց է բացվել, որից երկուսը մարզերում՝ Ջերմուկում ու Հաղպատում:

«Չորս հյուրանոցից երկուսը միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցերին են պատկանում՝ «Հիլթոն» և «Հայաթ»»,-ասաց նա:

Placeholder