«Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները
Մշակույթ
09:18 18/03/2016
Հայաստան

«Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնն արդեն 15 տարի է Հայաստան է հրավիրում աշխարհահռչակ երաժիշտների, աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հանդես եկած նվագախմբերի ու երգչախմբերի: Այս տարի ևս փառատոնը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ հրավիրել միայն լավագույններին, որոնց ներկայությունը ցանկացած երկրում և ցանկացած համերգասրահում արդեն տոն է՝ երաժշտական տոն:

Panorama.am-ի հետ զրույցում  փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 16-րդ փառատոնի այս տարվա առաջին համերգը կկայանա ապրիլին:

«2015-ին մենք իրականացրեցինք «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Այս տարվա առաջին համերգին հրավիրել ենք այդ շարքի մասնակիցներից Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախմբին, որն ապրիլի 24-ին  հայ հանդիսատեսի համար հանդես կգա վեհաշուք ծրագրով: Նախատեսել ենք, որ համերգը կայանալու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»,- տեղեկացրեց նա:

Ս.Հովհաննիսյանի խոսքով, այս տարի փառատոնի շրջանակում անդրադարձ կլինի նաև փառատոնի 15-ամյա հոբելյանին, քանի որ 2015-ին բոլոր համերգները նվիրված են եղել Հայոց ցեղասպանությանը: Ըստ նրա, հոբելյանական համերգին կմասնակցեն մեկ տասնյակից ավելի երաժիշտներ, օտարերկրյա հյուրեր,  մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ՝  անդրադառնալով այս ամբողջ տարիների ընթացքում փառատոնի՝ մշակութային դիվանագիտության  և այլ ասպարեզներում  ցուցաբերած ծառայություններին:

Փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու աշխարհահռչակ ռուս դաշնակահար  Միխայիլ Պլետնյովը, անգլիացի ջութակահար Նայջլ Քենեդին, անգլիական The King's Singers վոկալ խումբը, որը, Ս. Հարությունյանի խոսքով, հայտնի է օքսֆորդյան ամենահին ավանդույթներով: Փառատոնի կազմակերպիչներին հաջողվել է Հայաստան հրավիրել աշխարհի լավագույն  նվագախմբերից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին անգլիական Մոնտեվերդի երգչախմբի հետ՝ աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիների ղեկավարությամբ, լավագույն քառյակներից՝ ավստրիական The Hagen Quartet -ը:

Ս. Հովհաննիսյանի խոսքով, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Բյուրականի ակադեմիան, որտեղ վարպեության դասեր են անցկացնելու հանրահայտ երաժիշտներ՝ բարիտոն Վլադիմիր Չերնովը, ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետը, դաշնակահար Բորիս Բերեզովսկին և ուրիշներ:

Placeholder
«Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները