Հալեպում նշել են Ծաղկազարդը
Հասարակություն
12:12 21/03/2016
Աշխարհ

Հալեպում նշել են Ծաղկազարդը

Չնայած Հալեպում տիրող  ծանր պայմաններին, այս տարի ևս մեծաթիվ մանուկներ  Ծաղկազարդին՝ մարտի 20-ին, հավաքվել էին Հալեպի Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագիչը եղել է Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյան, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Տեր Տաթև քահանա Միքայելյանը:

«Արևելք»-ը գրում է, որ Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյաը քարոզի ընթացքում  խնդրել է, որ խաղաղություն տիրի Սիրիայում, նաև ապահովություն և համբերություն՝ Սիրիայի ժողովրդին: 

Հիշեցնենք, որ Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է:

Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

 

 

Placeholder