Դեռ վաղ է խոսել ձկնային պաշարների լավացման կամ վերականգնման մասին. Բարդուղ Գաբրիելյան
Տնտեսություն
12:00 22/03/2016

Դեռ վաղ է խոսել ձկնային պաշարների լավացման կամ վերականգնման մասին. Բարդուղ Գաբրիելյան

Ջուրն ունի սակագին, բայց նրա արժեքը կյանքի համար անգնահատելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը հարևան երկրների համեմատ ունի առավելություն, քանի որ Սևանա լիճն ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է տարածաշրջանում:

«Իհարկե մենք պետք է այդ առավելությունն օգտագործենք»,- ասաց նա:

Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ Սևանը պետք է դիտվի ոչ միայն որպես հանգստի գոտի կամ ջրի էներգիայի աղբյուր, այլ որպես ռազմավարական նշանակության գոտի: 

Գիտնականը կարևորեց ձկնային պաշարների ռեսուրսները, մասնավորապես, սիգը, որը 1990-ականներին միակ արժեքավոր սննդի աղբյուրն էր Հայաստանի ազգաբնակչության համար, և, ըստ նրա,  չի բացառվում, որ նման իրավիճակ լինի ապագայում, ուստի պետք է պահուստային պաշար ունենալ:

«Այն նաև էկոլոգիական նշանակություն ունի, քանի որ ձուկը հանդիսանում է այն օղակը, որի միջոցով կարելի է նվազեցնել օրգանական նյութերի ավելցուկը Սևանա լճի ջրում՝ դրանով իսկ նպաստելով ջրի որակի լավացմանը»,- ընդգծեց Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝  ի տարբերություն ջրի որակի, որը վերջին տարիներին միտում ունի լավանալու, դեռ վաղ է խոսել ձկնային պաշարների լավացման կամ վերականգնման մասին: Իհարկե, ըստ նրա, նախատեսվում են ձկնային պաշարների վերականգնման նոր ծրագրեր, որոնք պետք է բերեն ձկնորսական համակարգի փոփոխմանը, արհեստական աճեցմանը, որոնք կնպաստեն  իշխանի պաշարների ավելացմանը, սակայն դեռևս բնական վերարտադրություն չի կատարվում, ուստի այսօրվա դրությամբ դեռ վաղ է ասել, որ Սևանում իշխանի պաշարները վերականգնվել են:

Բարդուղ Գաբրիելյանը նշեց նաև, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել Սևանա լիճ թափվող գետերի վիճակի վրա, քանի որ ձվադրման գետերի ջրի մի մասն օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի կարիքների, ոռոգման համար, սակայն պետք է գոյություն ունենա էկոլոգիական հոսք, որը կապահովի ձկների և այդ գետերի էկոհամակարգը կազմող կենդանական և բուսական աշխարհի կենսագործունեությունը:

«Հուսով ենք, որ այս խնդիրներին էլ ուշադրություն կդարձնեն և այդ վիճակը կբարելավվի, ինչի արդյունքում անհետացող էնդեմիկ ձկնատեսակները կվերականգնվեն»,- նշեց  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: 

Նշենք, որ մարտի 22-ին աշխարհում նշվում է ջրային պաշարների համաշխարհային օրը(World Day for Water или World Water Day)։ Դրա անցկացման մտահղացման մասին առաջին անգամ բարձրաձայնել են 1992 թվակականի Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովի ժամանակ։

Placeholder
Դեռ վաղ է խոսել ձկնային պաշարների լավացման կամ վերականգնման մասին. Բարդուղ Գաբրիելյան