Հայաստանն ապացուցեց՝   կարող է նման հիմնադրամի անդամ դառնալ. Գևորգ Գևորգյան
Մշակույթ
13:06 23/03/2016

Հայաստանն ապացուցեց՝ կարող է նման հիմնադրամի անդամ դառնալ. Գևորգ Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամին հեռանկային է, հատկապես կինոարտադրության, կինոոլորտի զարգացման համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հայտնելով, որ այս տարվա հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ:

«Տասը տարի բանակցել ենք, ինչ-որ տեղ մեր կինոարտադրության  ոլորտում գրանցած հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալ այդ հիմնադրամի լիիրավ անդամ»,- ասաց Ա.Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով, անդամակցելով հիմնադրամին, սկսվում է աշխատանքների նոր փուլ՝  կինոարտադրողները, պրոդյուսերները պետք է իրենց ծրագրերը համապատասխանեցնեն հիմնադրամի չափանիշներին:

«Լուրջ աշխատանք է սպասվում՝ իրավական, կազմակերպչական,  որպեսզի մեր կինոարտադրողների ներկայացրած հայտերը հաջողության հասնեն»,- նշեց նա:

Հայաստանը պետք է տարեկան վճարի 63 միլիոն դրամ անդամավճար: Ա.Պողոսյանն ասաց, որ համեմատած մյուս երկրների, բավականին փոքր անդամավճար է, իսկ համագործակցությունը հիմնադրամի հետ  Հայաստանին կտա ավելին:

Ասուլիսին ներկա  Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանը կարողացավ ապացուցել՝ այն երկիրն է, որ կարող է նման հիմնադրամի անդամ դառնալ:

Ասուլիսին ներկա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ հիմնադրամը շատ կարևոր է այն առումով, որ եվրոպական տարբեր երկրներից մասնագետներ միասին աշխատում են ստեղծելու եվրոպական ֆիլմեր:

Եվրիմաժ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներն են Սուսաննա Հարությունյանը և Վրեժ Քասունին:  Նրանք կարևորեց, որ Հայաստանը դարձել է Եվրիմաժի անդամ:

«Մեծ խթան է մեր կինոպրոդյուսերների համար բարձրանալ միջազգային հարթակ: Միաժամանակ կան մարտահրավերներ,  պետք է մեր պրոդյուսերներն աշխատեն միջազգային ստանդարտներով»,- ասաց Վ.Քասունին:

Ս.Հարությունյանի խոսքով, երկար ճանապարհ կա անցնելու: Նա  կարևորեց «Կինոյի մասին» օրենքի ընդունումը. «Օրենքը շատ կարևորվում է նաև մեր գործընկերների, Եվրիմաժի կողմից: Պետք է խթանենք, որպեսզի «Կինոյի մասին» օրենքը քննարկվի, հաստատվի»:

Ֆիլմերն ընտրվում են բաց մրցույթի միջոցով: Պարտադիր պայման է, որ նախագիծը ներկայացված լինի երկու երկրից, այսինքն համատեղ արտադրության ֆիլմեր պետք է լինեն: Աջակցությունը լինում է մինչև  500 հազար եվրո:

Պատասխանելով հարցին, թե այս տարվա ընթացքում Հայաստանի կողմից կներկայացվի՞ հայտ, Ս. Հարությունյանն ասաց, որ պետք չէ շտապել, անհրաժեշտ փաթեթը պետք է լինի լիարժեք, քանի որ այն երկրորդ անգամ այլևս չեն կարող ներկայացնել: Նա հնարավոր համարեց օգոստոսին արդեն ունենալ նման փաթեթ:

Արթուր Պողոսյանի խոսքով, պետությունը ստեղծել է անհրաժեշտ համագործակցության դաշտ, պրոդյուսերները պետք է օգտվեն այդ հնարավորությունից:

Եվրիմաժը հիմնադրվել է 1989 թվականին: Ներկայումս 47 ԵՄ պետություններից կազմակերպությանն անդամակցում է 37-ը: Լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ՝ այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երեք ուղղությունով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ և ցուցադրություն: Եվրիմաժ հիմնադրամին անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել է 2006 թվականից, սակայն անդամակցությունն իրականություն է դարձել միայն այս տարի: Եվրիմաժի տարեան ընդհանուր բյուջեն կազմում է 25 միլիոն եվրո: Բյուջեն կազմում է անդամ պետությունների տարեկան ֆինանսական ներդրումներից և տրամադրված վարկերի վերադարձից:

Placeholder