Մուրադ Փափազյան. Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև քաղաքական մրցակցություն կա
Հասարակություն
11:25 23/03/2016
Հայաստան

Մուրադ Փափազյան. Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև քաղաքական մրցակցություն կա

«Ֆրանսահայությունն արդեն սկսել է պատրաստվել ապրիլի 24-ին: Ձեռնարկվելիք միջոցառումներն ունեն հիմնականում պահանջատիրական բնույթ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում լինելու են ցույցեր, Փարիզում ապրիլի 24-ին ցույցը կազմակերպվելու է կառավարության հետ համատեղ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: 

Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակն ամբողջ աշխարհին ցույց տալն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով  հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է, կան մի շարք հարցեր:

Մ. Փափազյանի խոսքով, Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև քաղաքական մրցակցություն կա:

«Թուրքերը քայլեր են անում, որպեսզի  թուրքական գաղութի և Ֆրանսիայի նախագահի միջև հարաբերությունները զարգացնեն: Բայց Ֆրանսուա Օլանդը կանգնած է հայ դատի թիկունքին: Մենք մեր հարաբերությունները Ֆրանսիայի ղեկավարի հետ վերջին երեք-չորս տարիների ընթացքում զարգացրել ենք»,- ասաց նա:

Մ. Փափազյանը վստահեցնում է, որ հայկական համայնքը Ֆրանսիայում հզոր է, թուրքական  համայնքի հետ մրցակցությունում չի թուլանում: Նաև ասաց, որ Ադրբեջանն իր քաղաքական լոբբինգն է շարունակում Ֆրանսիայում, նյութական մեծ միջոցներ է ծախսում քաղաքական շրջանակներում հաջողությունների հասնելու համար:


 

Placeholder
Մուրադ Փափազյան. Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև քաղաքական մրցակցություն կա