Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պորոշենկոն Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներին պարգևատրել է հրազենով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հրազենով է պարգևատրել Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակիչ փուլ մտնելու համար: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկիե նովինին»:
Աղբյուրը հրապարակել է Պորոշենկոյի 2015 թ. նոյեմբերի 21-ի №650՝ «Անվանական հրազենով պարգևատրելու մասին» հրամանը: Այն ժամանակին չի հրապարակվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել «Ուկրաինսկիե նովինիի» հարցման արդյունքում:
2015 թ. նոյեմբերին Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հաղորդվեց, որ Պորոշենկոն հանդիպել է ֆուտբոլի հավաքականի անդամների հետ ու նրանց «հուշանվերներ հանձնել»:
Անվանական հրազենով պարգևատրվել են ազգային թիմի 9 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Կիևի «Դինամոյի» խաղացողներ Օլեգ Գուսևը, Եվգենի Խաչերիդին ու Անդրեյ Յարմոլենկոն, Դոնեցկի «Շախտյորից»՝ Անդրեյ Պյատովն ու Վյաչեսլավ Շևչուկը, Դնեպրոպետրովսկի «Դնեպրից»՝ Ռուսլան Ռոտանն ու Արտյոմ Ֆեդեցկին, ինչպես նաև Եվգենի Սելեզնյովն ու Անատոլի Տիմոշչուկը:
Հրազենով են պարգևատրվել նաև Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն ու հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն:
Մինչ օրս 2015 թ. նոյեմբերի 21-ի №650 հրամանը չի հրապարակվել Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ 2015 թ. և 2016 թ. առաջին երկու ամսում Պորոշենկոն անվանական հրազենով պարգևատրել է 13 մարդու: Ֆուտբոլիստների հետ միասին զենքը Պորոշենկոյի ձեռքից ստացել են նաև պատգամավոր Յուլի Մամչուրն ու Արդարադատության բարձրագույն խորհրդի ղեկավար Իգոր Բենեդեսյուկը:
2016 թ. փետրվարին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը նույնպես հրազենով է պարգևատրել որոշ քաղաքագետների: Վարչապետ Արսենի Յացենյուկը Թոմփսոնի ատրճանակ-գնդացիր է նվեր ստացել և 203 փամփուշտ: