ՀՀ նախագահը ԱՄՆ-ում դասախոսություն է  կարդալու, հանդիպելու է հայ  ուսանողներին. ՀԺ
Օրվա մամուլ
09:47 25/03/2016
Հայաստան

ՀՀ նախագահը ԱՄՆ-ում դասախոսություն է կարդալու, հանդիպելու է հայ ուսանողներին. ՀԺ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնելու մարտի 28-31-ը: Նա սկզբում  ժամանելու է Բոստոն, որտեղ նրան դիմավորելու է  քաղաքապետը, իսկ Վաշինգտոն մեկնելու է մեկօրյա այցով, Միջուկային անվտանգության  գագաթնաժողովի օրը՝ մարտի 31-ին: Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին փոխանցել է ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպան  Հրաչյա Թաշչյանը, Սարգսյանը այցելելու է Մասաչուսեթսի 3 համալսարաններ՝ Հարվարդի համալսարան, Ֆլետչերի դիվանագիտական դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական  ինստիտուտ, դասախոսություն է  կարդալու, նաև հանդիպելու է հայ  ուսանողների հետ: 

Թերթի տեղեկացմամբ՝ նախատեսված է հանդիպում նաև  Բոստոնի  հայկական համայնքի  հետ,  այցելություն Watertown հայկական թաղամաս, որտեղ հայկական եկեղեցի կա, ինչպես նաև այց «Հայրենիք» մշակութային և քաղաքական  կենտրոն:  Հայկական պատվիրակությունը լինելու է  «Ժառանգության այգում», որտեղ կա հայկական մաս Armenian heritage (հայկական ժառանգություն)՝ անունով: Սարգսյանը հանդիպելու է   նաև  Մասաչուսեթսի նահանգապետ  և նահանգի  խորհրդարանի  անդամների հետ: Մասաչուսեթսը Հայոց Ցեղասպանությունն  ու ԼՂՀ անկախությունը  ճանաչած նահանգ է:  Երեկվա դրությամբ  տեղեկություն չկար  Միջուկային  գագաթաժողովի  շրջանակներում Սարգսյանի երկկողմ հանդիպումների մասին:  

Placeholder
ՀՀ նախագահը ԱՄՆ-ում դասախոսություն է կարդալու, հանդիպելու է հայ ուսանողներին. ՀԺ