Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նաթանյահու. Մարդու իրավունքներով ՄԱԿ խորհուրդը վերածվել է հակաիսրայելական կրկեսի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել աշխարհի «պատասխանատու կառավարություններին» բոյկոտել հրեական պետության հանդեպ խտրական դիրքորոշում պարունակող մարդու իրավունքների հարցով ՄԱԿ խորհրդի որոշումը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ նախօրեին մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ խորհուրդը որոշում էր կայացրել կազմել հրեական և օտարերկրյա այն կազմակերպությունների ցուցակը, որոնք աշխատում են օկուպացված տարածքներում ստեղծված հրեական բնակավայրերում: Պաշտոնական Թել Ավիվը կարծում է, որ վերոնշյալ ցուցակը կդառնա միջազգային բոյկոտի թիրախների ցանկ:
«Մարդու իրավունքներով ՄԱԿ խորհուրդը վերածվել է հակաիսրայելական կրկեսի: Նա հարձակումների է ենթարկում մերձավոր արևելքի միակ ժողովրդավարությունը՝ անտեսելով Իրանում, Սիրիայում և Հյուսիսային Կորեայում առկա կոպտագույն խախտումները», - նշվում է Իսրայելի վարչապետի մամլո ծառայության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ:
Թել Ավիվը կոչ է անում աշխարհի «պատասխանատու կառավարություններին» չսատարել Իսրայելի նկատմամբ խտրականություն դրսևորող խորհրդի որոշումները: