Բազմազավակ ընտանիքները դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցողների թվին. փաստաբան
Հասարակություն
13:47 26/03/2016
Հայաստան

Բազմազավակ ընտանիքները դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցողների թվին. փաստաբան

Թեև Հայաստանում գոյություն ունի «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրենք, սակայն, իրականում, այն չի գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լիանա Բալյանը՝ անդրադառնալով բազմազավակ ընտանիքների խնդիրներին և պետության կողմից տրամադրվող օգնությանը: 

Նրա խոսքերով՝  պետության կողմից  բազմազավակ ընտանիքներին տրամադրվող նպաստը չի հերիքում նվազագույն պայմանները բավարարելու համար, ուստի նրանք  դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցող ընտանիքների թվին:

Ըստ Լիանա Բալյանի, պետք է ընդունել նոր օրենք՝ Բազմազավակ մայրերի իրավունքների պաշտպանության մասին, որով  մի շարք արտոնություններ կտրվեն  բազմազավակ ընտանիքներին:

«Օրենքով պետք է բազմազավակ ընտանիքներն օգտվեն անվճար բուժսպասարկումից, երեխաներն անվճար սովորեն մասնավոր դպրոցներում, բուհերում, պետությունը պետք է աջակցի կոմունալ ծախսերի վճարման հարցում: Բազմազավակ ընտանքիներին պետք է բնակարան հատկացվի, իսկ գյուղական համայնքներում ապրող ընտանիքներին պետք է հողատարածք, ընտանի կենդանիներ, գյուղտեխնիկա տրամադրվի»,- ասաց փաստաբանը:

Լիանա Բալյանի խոսքերով՝  եթե պետությունը խրախուսի նորաստեղծ ընտանիքներին բազմանալ, ապա դա կխթանի Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավմանը:

Հոգեբանը Աննա Բադալյանն էլ նշեց, որ Հայաստանում ամենամեծ բազմազավակ  ընտանիքում կա տասնյոթ երեխա:

«Հոգեբանական տեսակետից բազմազավակ ընտանիքների երեխաները  ակտիվ են, կարողանում են արագ կողմնորոշվել, բացի այդ, այդ երեխաները՝ որպես անհատականություն բավականին հետաքրքիր են,- ասաց հոգեբանը:

Placeholder
Բազմազավակ ընտանիքները դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցողների թվին. փաստաբան