Տիկնիկային թատրոնը ստիպված հրաժարվել է Ավստրիա մեկնելուց
Մշակույթ
09:09 28/03/2016
Հայաստան

Տիկնիկային թատրոնը ստիպված հրաժարվել է Ավստրիա մեկնելուց

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը տարվա ընթացքում տարբեր միջազգային փառատոներից հրավերներ է ստանում, բայց ոչ բոլորին է կարողանում մասնակցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը այս մասին նշեց Panorama.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է ֆինանսավորումից:

«Վերջերս ստիպված եղանք հրաժարվել Ավստրիա մեկնելուց, քանի որ ճանապարհածախսի խնդիր կար: Ունենք մի քանի այլ հրավեր ևս՝ Խորվաթիա, Ռուսաստան, Բուլղարիա: Տեսնենք, որը կընդունեք»,-ասաց նա:

Ռ.Բաբայանի խոսքով, երևանյան տիկնիկային թատրոնը որևէ բանով  հետ չի ընկում այլ երկրների նմանատիպ թատրոններից, այլապես միջազգային փառատոներից հաճախակի չէին հրավիրի: Նա հիշեցրեց, որ  միայն 2015-ին 7 միջազգային փառոտոնի են մասնացել:

«Թատրոնը պահանջված է լինում, երբ արվեստի հիմքում դրված է լինում կարևորագույն խնդիր՝ ստեղծագործությունը: Եթե ստեղծագործում ես, երբեք հետ չես ընկնի»,- ասաց  Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսը կտեսնի թատրոնի հին ներկայացումներից «Օպերացիա համեղ պատառիկ»-ի վերականգնված տարբերակը, տարվա ընթացքում կպատրաստվի Ղազարոս Աղայանի «Անահիտ» ներկայացումը, Հանս Քրիստիան Անդերսեի «Մատնաչափիկը» ստվերային,  Դոկտոր Սյուզի «Փիղ Հորթոնը»  և այլ ներկայացումներ:

«Ամենակարևորն այն է, որ ներկայացումները հիմնականում բեմադրում են երիտասարդ ռեժիսորները, խաղում են երիտասարդ դերասանները: Սա ապացուցում է, որ թատրոնը լավ ապագա ունի»,- ասաց Ռ.Բաբայանը:

 

Placeholder
Տիկնիկային թատրոնը ստիպված հրաժարվել է Ավստրիա մեկնելուց