Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստում ընդունված բոլոր բանաձևերում հայկական պատվիրակության անդամներին հաջողվել է այնպես անել, որպեսզի հակահայկական ձևակերպումներ դրանցում չլինեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրանեսթ» ԽՎ-ում հայաստանյան ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
«Երբ ասում ենք հակահայկական ձևակերպումներ ի նկատի ենք ունենում «օկուպացված տարածքներ», «տարածքային ամբողջականություն», «ռազմական ագրեսիա», «զորքերի դուրսբերում» և նման այլ բառակապակցություններ: Մեր հիմնական շեշտադրումն այն է, որ չպետք է լինեն ընդհանրացված այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն ունենան կամ մեկնաբանվեն ԼՂ հակամարտության կոնֆլիկտի տեսակետից: Մենք փորձում ենք չեզոքացնել բոլոր այն մոտեցումները, որ Եվրանեսթում լինի առանձնացված վերաբերմունք այս կամ այն գործընկեր երկրի նկատմամբ»,-հայտարրաեց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Եվրանեսթ ԽՎ նիստն ընթանում էր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության օրերին:
Զաքարյանի տեղեկացմամբ, լիագումար նիստում ընդհանուր առմամբ 4 զեկույց է ընդունվել, որոնք բոլորն էլ զուրկ են եղել հակահայկական ձևակերպումներից: Նրա խոսքով, իհարկե, մինչև ընդունվելը եղել են հակահայկական ձևակերպումներ, բայց պատվիրակության անդամներն առանձին-առանձին աշխատանքներ են տարել եվրոպացի դիվանագետների հետ ու արդյունքում հնարավոր է եղել խուսափել անցանկալի ձևակերպումներից:
«Ինչքան էլ մեր պատվիրակության համար բարդ է, քանի որ մեր համար կենսական շահերի պարագայում հայտնվում ենք միայնակի դերում, որովհետև ի տարբերություն մեզ, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը բացառապես տարածքային ամբողջականույան սկզբունքի ջատագովներն են ու կտրուկ դեմ են ինքնորոշման իրավունքի իրացման որևէ տարբերակի: Հայաստանն այս հարցում միայնակ է», -ներկայացրեց պարոն Զաքարյանը:
«Քաղաքական մասով մեզ հաջողվեց չունենալ այն պրոբլեմները, որոնք կային ԵԽԽՎ-ում՝ հակահայկական կամ հակաղարաբաղյան: Եվ պատվիրակությունը՝ պարոն Զաքարյանի գլխավորությամբ, բավականին հաջող մանևրեց: Պետք է գոհունակությամբ նշեմ, որ հաջողվեց թույլ չտալ, որպեսզի հակահայկական ձևակերպումները արտացոլվեն բանաձևերում», -իր հերթին փոխանցեց պատվիրակության անդամ Հրանտ Բագրատյանը:
Նշենք, որ Եվրանեսթ ԽՎ-ի նիստն անցել է առանց Ադրբեջանի պատվիրակության, քանի որ նրանք ավելի վաղ դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով մասնակցել նիստերին: