Յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն՝ Երուսաղեմի սրբավայրերով
Մշակույթ
16:19 29/03/2016
Հայաստան

Յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն՝ Երուսաղեմի սրբավայրերով

19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին արված 60-ից ավելի եզակի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Երուսաղեմում հայկական և  ռուսական սրբավայրերը,  Սանկտ Պետերբուրգից բերվել են Հայաստան: Լուսանկարներն այսօրվանից մինչև մայիսի 5-ը ներկայացվելու են ՀՀ քաղաքաշինության նախարարության  Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացված «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» ցուցահանդեսում:

Լրագրողների հետ զրույցում  Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևնան ասաց, որ ցուցադրված լուսանկարները հնարավորություն կտան համեմատելու, թե ինչպիսին էին սրբավայրերը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին և այսօր, ինչպես նաև կան այնպիսի հուշարձաններ, որոնք չեն պահպանվել:

ՀՀ քաղաքաշինության նախարարության  ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով,   ցուցահանդեսը հնարավորություն է տալիս յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն կատարել Երուսաղեմի սրբավայրերով:

Նա նշեց, որ ցուցահանդեսի անցկացման ժամկետը համընկնում է Զատկի տոնի հետ, որն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին նշել է մարտի 27-ին, իսկ Ռուսական Ուղղափառ եկեղեցին կնշի մայիսի 1-ին:

Ա.Տեր-Մինասյանի խոսքով, լուսանկարներն առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում, շատ լուսանկարներ նույնիսկ ՌԴ-ում չեն ցուցադրվել: Լուսանկարների հեղինակները հիմնականում ռուս լուսանկարիչներ են, կան նաև հայ լուսանկարիչերի աշխատանքներ:

1882 թվականին Ալեքսանդր 3-րդի հրամանով ստեղծվում է Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերությունը, որի արխիվն ամբողջությամբ հասել է Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանին: Պահվում է ավելի քան 6000 լուսանկար:

Լուսանկարները՝ այստեղ:

Placeholder
Յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն՝ Երուսաղեմի սրբավայրերով