Առաջարկել են Սավչենկոյին փոխանակել Յարոշենկոյի և Բուտի հետ
Իրավունք
12:25 29/03/2016
Աշխարհ

Առաջարկել են Սավչենկոյին փոխանակել Յարոշենկոյի և Բուտի հետ

Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին կարող են փոխանակել մի քանի ռուսաստանցիների, այդ թվում` Վիկտոր Բուտի և Կոնստանտին Յարոշենկոյի հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

«Այժմ նաև կոնֆիդենցիալ կապերով կոնսուլտացիաներ են ընթանում` Սավչենկոյին փոխանակման ճանապարհով ազատելու հնարավորության վերաբերյալ: Ռուսական կողմը ներկայացրել է իր համաքաղաքացիների ցուցակը, որոնց հանձնման դիմաց պատրաստ է ազատել ուկրաինացի նախկին զինծառայողին»,-հայտնել է աղբյուրը:

Ըստ այդմ` ռուսական ցուցակում ներառված են ԱՄՆ-ում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված բիզնեսմեն Վիկտոր Բուտը և օդաչու Կոնստանտին Յարոշենկոն:

«Նրանց թվում կան նաև ռուսաստանցիներ, որոնց գործունեությունը սովորաբար չի հրապարակայնացվում», - նշել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման:

Վիկտոր Բուտն ամերիկյան բանտում կրում է 25 տարվա ազատազրկման պատիժը` կոլումբիական ծայրահեղական FARC կազմակերպությանը զենքի մատակարարման նախապատրաստման համար: Յարոշենկոն, որը նույնպես գտնվում է ամերիկյան բանտում, մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվելու համար և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Placeholder
Առաջարկել են Սավչենկոյին փոխանակել Յարոշենկոյի և Բուտի հետ