Յուրաքանչյուր ԶԼՄ մինչև 50 լրագրող կարող է հավատարմագրել ԿԸՀ-ում
Քաղաքական
16:25 30/03/2016

Յուրաքանչյուր ԶԼՄ մինչև 50 լրագրող կարող է հավատարմագրել ԿԸՀ-ում

Յուրաքանչյուր լրատվամիջոց ստանում է մինչև 50 ներկայացուցիչ ունենալու հնարավորություն, որը մեր կարծիքով ԶԼՄ-ի համար բավարար թիվ է լուսաբանելու համար, թե ինչ է տեղի ունենում տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այսինքն՝ յուրաքանչյուր լրատվամիջոց մինչև 50 լրագրող կարող է հավատարմագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որն էլ լրագրողներին կտրամադրի հավատարմագրման համար անհրաժեշտ համապատասխան վկայականներ:

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներով օրինագծի հեղինակները նախկինի փոխարեն նման նոր առաջարկ են ներկայացրել: Հիշեցնենք՝ նախկին տարբերակով օրինագծի հեղինակները սահմանափակում էին դրել ընտրատեղամասերում լրագրողների քանակի վրա:

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ այս առաջարկը ներկայացվել է մասնակիցներին և քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փոխանցեց, որ իր տպավորությամբ նոր առաջարկը ընդունելի է եղել բոլորի կողմից:

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս նոր առաջարկը քաղաքական ուժերի կողմից ընդունելի է եղել: Խոսքն այն մասին է, որ լրատվամիջոցները 50-ական լրագրողի ցուցակ են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և ԿԸՀ-ն լուսանկարով, անուն-ազգանունով տրամադրում է նրանց համապատասխան վկայակնները», -տեղեկացրեց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, լրատվամիջոցները իրավունք ունեն ներկա գտնվել ցանկացած ընտրատեղամասում և կատարել իրենց գործը:
 

Placeholder
Յուրաքանչյուր ԶԼՄ մինչև 50 լրագրող կարող է հավատարմագրել ԿԸՀ-ում