Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի կառավարող ուժերը հակված են խորհրդարանական կառավարման մոդելին. Հայկ Խանումյան
Արցախում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դեմ է, բայց նրանք որոշել են մասնակցել գործընթացին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի խորհրդարանում «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը:
«Մենք փոփոխություններին դեմ ենք ընդհանրապես: Մենք գտնում ենք, որ 10 տարին մեկ սահմանադրություն չեն փոխում, որ այդ փոփոխությունը կարող է վատ անդրադառնալ Արցախի միջազգային կերպարի վրա, ինչպես նաև վատ նախադեպ դառնալ ամեն նոր եկած իշխանության համար՝ իրեն ցանկալի ձևով սահմանադրություն փոխելու տեսանկյունից: Չնայած այս ամենին մեր կուսակցությունը, հաշվի առնելով հասարակության մի մասի կողմից ստացած վստահությունը, որոշել է մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ ներկայացնելու իր ընտրողների շահերը», -հավելեց արցախցի պատգամավորը:
Հետաքրքրվեցինք, թե եթե դեմ է «Ազգային վերածնունդը» սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ինչո՞ւ են մասնակցելու դրան, Խանումյանը պատասխանեց. «Մասնակցում ենք մեր ձեռքը գործընթացի զարկերակին ունենալու համար, իսկ հանրաքվեի դրվելու դեպքում, բնականաբար, մեր կարծիքը կասենք և համապատասխան քարոզարշավը կանենք»:
Նրա խոսքով, Արցախի կառավարող ուժերը հակված են խորհրդարանական կառավարման մոդելին:
Հարցին, թե Արցախի իշխանությունները արդյոք սահմանադրական բարեփոխումներ անցկացնելով չե՞ն երկրորդում Հայաստանին, Խանումյանը պատասխանեց.
«Պետք է նշել, որ նրանց կողմից իրենց տեսակետի հրապարակայնացումը տեղի է ունեցել ավելի վաղ, քան Հայաստանի Հանրապետությունում կսկսվեր փոփոխությունների գործընթացը: Հետևաբար, ես դա Հայաստանում տեղի ունեցածի երկրորդում չէի համարի, սակայն ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները վճռական ազդեցություն են ունեցել Արցախում տեղի ունեցող գործընթացի վրա և ամրապնդել խորհրդարանական կառավարման համակարգ ցանկացող քաղաքական ուժերի դիրքերը»:
Սահմանադրական բարեփոխումների անցկացման արդյունքում հնարավոր վտանգների մասին հարցին ի պատասխան, Խանումյանն ասաց, որ դրանց մասին հնարավոր կլինի խոսել արդեն նախագծի ի հայտ գալուց հետո, որ նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին: