Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում
Քաղաքական
11:52 01/04/2016
Հայաստան

Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում

Սպիտակի քաղաքապետի երկու թեկնածուներն էլ՝ ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու ՀՀԿ-ական փոխմարզպետ Վանիկ Ասատրյանն այս պահին արձակուրդում են: Նրանք զբաղված են նախընտրական քարոզչության իրականացմամբ:

Panorama.am-ի հետ զրույցում գրանցված երկու թեկնածուներն էլ ասացին, որ օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցները քարոզարշավի իրականացման համար:

Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանն այլ հարցերի չպատասխանեց, ասաց՝ ապրիլի 4-ին Երևանում ասուլիս է հրավիրելու, այդ ժամանակ բոլոր հարցերին կպատասխանի: Մինչ այդ որոշել է լռել:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական երկու թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են: Մինչ այս պահը  հարազատ կուսակցությունը նրանցից որևէ մեկին սատարելու վերաբերյալ հայտարարություն չի արել:

Գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունն առաջիկայում նման հայտարարություն չի էլ անի:

«Մինչ այս էլ եմ սեփական ուժերով պայքարել ու ընտրվել: Այս պահին իմ ընտրվելու շանսերը բարձր եմ գնահատում»,-ասաց Գագիկ Սահակյանը, ավելացնելով, որ մրցակից փոխմարզպետի կողմից իշխանական լծակների օգտագործման դեպքեր չի նկատել:

Նրա խոսքով, քաղաքի առաջ այս պահին ծառացած կարևոր առաջնային խնդիրները վերաբերում են քաղաքաշինությանը, բնակֆոնդին, աշխատատեղերի ստեղծմանը:  Սահակյանն ասաց, որ դրանց լուծումների վերաբերյալ առաջարկները ներառել է նախընտրական իր ծրագրում:

«Առաջացած խնդիրներին էլ ընթացքում փորձել ենք լուծումներ տալ:  Ես իմ աշխատանքի ընթացքում հանդիպել եմ բնակիչների հետ, այսօր էլ հանդիպում եմ, տրամադրությունը նորմալ է»,-ասաց թեկնածու քաղաքապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին  համայնքապետի ընտրություններ են նշանակված 33 համայնքներում: Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է մարտի 30-ին, կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուները կարող են ինքաբացարկի դիմումներ ներկայացնել մինչև ապրիլի 7-ը ներառյալ:

Placeholder