Պավել Ավետիսյան. Հայաստանյան պեղումները բացառիկ են ողջ տարածաշրջանի հնագույն անցյալի վերարտադրության համար
Հասարակություն
14:07 31/03/2016
Հայաստան

Պավել Ավետիսյան. Հայաստանյան պեղումները բացառիկ են ողջ տարածաշրջանի հնագույն անցյալի վերարտադրության համար

Վերջին տարիներին Հայաստանի տարածքում հնագիտական և դաշտային հետազոտություններն աննախադեպ մեծ ծավալի են հասել թե քանակական, թե որակական առումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը:

Նա նշեց, որ անցած տարի 24  ծրագիր են իրականացրել՝ պեղումներ, հետազոտման, քարտեզագրման աշխատանքներ:

«Այն նյութերը, որոնք մենք հանում ենք, պեղում ենք, բացառիկ կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի վերարտադրության համար, այնպես էլ ողջ տարածաշրջանի: Ունենք պեղված հուշարձաններ, որոնց տվյալները հնարավորություն են տալիս փոխելու առկա տեսակետները երկիր մոլորակը  բնակեցնելու վաղագույն փուլերի վերաբերյալ»,- ասաց նա:

Պ.Ավետիսյանն առանձնացրեց Հրազդանի կիրճում գտնվող Նոր Գեղի 1 քարեդարյան հնավայրերում պեղումները, հուշարձանը 300-350 հազար տարվա վաղեմություն ունի. «Այն կարևոր տվյալներ է հաղորդում Երկիր մոլորակը նախամարդու կողմից բնակեցնելու սկզբունքների և պատկերացումների մասին: Նախկինում պատկերացում է եղել, որ վաղ հոմոսափիենսը ձևավորվել է Աֆրիկայի տարածքում, այնտեղից տարածվել Երկիր մոլորակի այլ հատվածներ: Նոր Գեղ 1 հնավայրի պեղումները ցույց տվեցին, որ վաղ հոմոսափիենսը ձևավորված լինի ոչ միայն Աֆրիկայում, նաև Երկիր մոլորակի այլ հատվածներում»:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով, կարևոր արդյունքեր են գրանցել Արարատյան դաշտում գտնվող վաղ երկրագործական մշակույթը ներկայացնող հուշարձանների պեղումների դեպքում:  Ըստ նրա, պեղումների արդյունքում բացվել են նոր շերտեր, որոնք հնարավոր է վերաբերում են Մ.թ.ա. 7-րդ  հազարամյակին:

«Սա շատ կարևոր է, քանի որ Մ.թ.ա. 7-րդ  հազարամյակով թվագրվող բնակատեղիներ Հայաստանում մեկ-երկու հատ է պեղվել: Տեսակետ կար, որ այդ տարածքում այդ ժամանակահատվածում մարդ չի ապրել բնակլիմայական պայմանների պատճառով: Նման հուշարձան է պեղվում նաև Մասիս բլուրում: Այս հուշարձանները դուրս են եկել զուտ հայաստանյան սահմաններից, միջազգային գիտական շրջաններում ակտիվորեն քննարկվում են»,- ասաց նա:

Պ.Ավետիսյանի խոսքով, պեղումները հիմնականում իրականացվում են համատեղ ծրագրերի շրջանակում, մասնակցում են այլ երկրների մասնագետներից: Նա տեղեկացրեց, որ տարեկան 16-20 ծրագիր իրականացնում է համատեղ՝ եվրոպական, ամերիկյան տարբեր գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչը հնարավորություն է տալիս  անհրաժեշտ անալիզներ անել եվրոպական, ամերիկյան խոշորագույն լաբորատորիաներում:

Նա նաև տեղեկացրեց, որ Դաշտադեմի ամրոցում ընթանում են վերականգնման աշխատանքներ, իրենք  2015-ին պեղումներ են իրականացրել այնտեղ և բացահայտել են ամրոցի տիրոջ գահանիստ սրահը: Ըստ Պ. Ավետիսյանի, այդպիսի սրահներ Հայաստանում քիչ են բացվել, միջնադարի մասին պատկերացում կազմելու  բացառիկ օրինակ է:

Placeholder
Պավել Ավետիսյան. Հայաստանյան պեղումները բացառիկ են ողջ տարածաշրջանի հնագույն անցյալի վերարտադրության համար