Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր  համալիրը. Ճարտարապետ
Մշակույթ
15:38 01/04/2016
Հայաստան

Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ

«Մեր գերնպատան է պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, կապ չունի թե ինչպիսի ճանապարհով՝ կգործի որպես առանձին օդանավակայա՞ն, թե՞ ներկայիս գործողին կկցվի, կամ եթե նույնիսկ օդանավակայան էլ չլինի»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց
«Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Նա նշեց, որ օդանավակայանն այնպիսի կառույցներից է, որ անընդհատ զարգացման  անհրաժեշտություն է լինում:

«Չի բացառվում, որ դրա հետևանքով շենքի հարմարավետության մեջ որոշակի փոփոխություններ մտցվեն, բայց կլոր համալիրն ունի բոլոր հնարավորությունները շարունակել ծառայել որպես օդանավակայան»,- ասաց նա:

Ս.Քալաշյանի խոսքով, «Հայնախագիծ»-ը պատրաստ է անհրաժեշտ բոլոր արխիվային նյութերը տրամադրել մասնագիտական քննարկումների ժամանակ:  Նա նշեց, որ ճարտարապետները բազմաթիվ անգամներ ցանկացել են հանդիպել կոնցեսիոների հետ: «Մեր ձայնը կոնցեսիոներին չի հասնում, կամ եթե հասնում է, ինքը չի արձագանքում, այլ մեկ այլ օղակի միջոցով: Պնդում ենք, որ պետք է նստենք և քննարկենք»,- նշեց նա:

Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանի խոսքով, կլոր համալիրը բավականին լավ տվյալներ ունի, ուղղակի պետք է է հարմարացնել նոր պահանջներին, պայմաններին ու այն կշարունակի գործել որպես օդանավակայան:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց  «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման իր մշակած նախագիծը, որի իրականացմամբ հնարավոր է օդանավակայանն ամբողջությամբ պահպանել որպես ինքնուրույն օդանավակայան: Ըստ նրա, եթե կոնցեսիոներին իր զարգացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 160 միլիոն դոլարի ներդրում, այս  նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 25-30 միլիոն դոլար:

«Երկար տարիներ մեզ համոզում էին, որ հնարավոր չէ կլոր համալիրն արդիականացնել: Սակայն այս, ինչպես նաև այլ նախագծեր,  ցույց են տալիս, որ հնարավոր է, պարզ եղանակով կարելի է արդիականացնել պահեստային տարածքների հաշվին»,- ասաց Ա.Թարխանյանը:

Հիշեցնենք, որ Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը նույնպես մշակել էր մի նախագիծ,   որի համաձայն այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին:

Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Placeholder
Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ