Հայկական կողմն ունի 18 զոհ,  35 վիրավոր
Քաղաքական
21:03 02/04/2016
Հայաստան

Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան  Ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս անհրաժեշտ ու արված  քայլերի, հայտնել է հայկական կողմի կորուստների մասին՝ 18 զոհ,  35-ին մոտ վիրավոր:

Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր քաղաքացիական անձանց մասին՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Հանրապետական բժշկական կենտրոն էին տեղափոխվել 6 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով։  Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին:

Քիչ առաջ հայտնի էր դարձել թշնամու կորուստները՝ ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:

Placeholder
Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր