Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն են Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. ԱԺ փոխնախագահ
Քաղաքական
11:26 02/04/2016

Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն են Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. ԱԺ փոխնախագահ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի նման հանցագործ գործունեությունը ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այս գիշեր շփման գծում տիրող լարված իրավիճակը:

«Սա ահաբեկչություն է և Ղարաբաղի ժողովրդի, և բանակցային գործընթացի, և Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ և Ռուսաստանի, և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի  նկատմամբ: Ալիևի նման լկտի պահվածքը արդյունք է նաև միջազգային հանրության երբեմն, մերթընդմերթ հնչող անհասցե գնահատականներին: Մինսկի խումբը չի կարող չարձագանքել այդ ամենին»,- հավելել է Շարմազանովը:

Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
 

Placeholder
Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն են Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. ԱԺ փոխնախագահ