Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
Հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողները ՀՀ նախագահին ասել են, որ ապաքինվելուց հետո պարտադիր պետք է վերադառնան ծառայության ու ավարտեն այն կիսատ գործը, որ սկսել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ այս նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
Արամ Ասատուրյանի խոսքերով՝ 12 վիրավորներից 11-ն այնպիսի հրազենային վնասվածք ունեն, որ կարող են ծառայությունը շարունակել:
«Վիրավոր զինվորների մարտական ոգին բարձր է , և մեր երկրի ղեկավարությունը այնպիսի ուշադրության կենտրոնում է նրանց պահում, որ մարտական ոգին առավել բարձրանում է: Հակառակորդի ոտնձգությունը պետք է կանխեն մեր զինվորները: Բոլորն էլ այդպես են տրամադրված»,- ասաց հոսպիտալի ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր 11 զինվորներն էլ կկարողանան վերադառնալ շարք: