Սիրիահայ բժիշկը Մարտակերտում վիրավորների կողքին է
Քաղաքական
12:12 05/04/2016

Սիրիահայ բժիշկը Մարտակերտում վիրավորների կողքին է

Սիրիահայ երիտասարդ բժիշկ Գառնիկ Ջոզիկյանը երեք տարի աշխատել է Գանձասարի վանական համալիրի հիվանդանոցում: «Արևելք»-ի փոխանցմամբ,  վերջին պատերազմական գործողությունները սկսելուն պես Երևանից շտապել է Մարտակերտ, ինչպես նշել է՝ իր գործընկերների կողքին լինելու և  վիրավորներին անհրաժեշտ օգնությունը ցույց տալու համար:

«Արևելքի» հետ զրույցում Գառնիկ Ջոզիկյանն ասել է, որ այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիճակը մնում է նույնը, կրակոցները նույն ձևով շարունակվում են: Մարտակերտի հիվանդանոցը օպերատիվ կերպով է աշխատում, վիրավորներին ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն, շատ ծանր վիճակում գտնվողները տեղափոխվում են Ստեփանակերտ:

Գառնիկ Ջոզիկյանն ասել է նաև, որ անընդհատ կապի մեջ են Ստեփանակերտի հետ, կազմակերպչական հիանալի աշխատանք է տարվում: 

«Դեղորայքը բավարար է, անհրաժեշտ սարքավորումները կան, վիրավորներին օգնություն ցույց տալու համար բոլոր  հնարավորությունները կան, բայց լավ կլիներ, որ ավելի շատ մասնագետներ լինեին մեր կողքին:  Չենք խեղճանում, բայց ավելի շատ մասնագետների ներկայությունն այս պահին չէր խանգարի»,- «Արևելքի» հետ զրույցում ասել է Գառնիկ Ջոզիկյանը, միաժամանակ նշելով, որ իրեն հիացնում է թե՛ զինվորների, թե՛ Արցախի ժողովրդի ոգին:

«Նույնիսկ զինվորները պատրաստ են ապաքինվելուց հետո նորից մեկնել առաջին գիծ: Իսկ Ստեփանակերտում նույնպես պատրաստակամություն կա՝ թե՛ ոգու, թե՛ կամավորական ուժերի, թե՛ բոլոր առումներով»,-նշել է սիրիահայ բժիշկը:
 

Placeholder
Սիրիահայ բժիշկը Մարտակերտում վիրավորների կողքին է