Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
Առողջություն
16:04 06/04/2016
Հայաստան

Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան

Արցախում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների մոտ, որոնք տեղափոխվել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ բոլորը գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությունով:

Արմեն Մուրադյանը նշեց, որ մեկ զինծառայող էր գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, ստացել էր գլխուղեղի վնասվածք,  նրա մոտ ևս երեկվանից դրական դինամիկա է նկատվում:

«Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նախարարը` հավելելով, որ քաղաքացիական հիվանդանոցներում ևս կան հիվանդներ, մեծ մասամբ նրանց վիճակը գնահատվում է թեթև ծանրության:

Նախարարը նշեց նաև, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի, ինչպես նաև ԼՂՀ առոջղապահության նախարարության հետ: «Համագործակցության արդյունքում առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովվել  են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով,  մասնագետներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Բացի այդ, ըստ նախարարի, մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ  գործարարներ,  բարերարներ, հասարակ քաղաքացիներ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ  ունեցած բավարար պաշարների  համալրման գործին:

Նշեց նաև, որ սփյուռքահայ հայ բժիշկները ևս իրենց պատրաստակամությունն են
հայտնել ինչպես՝ նյութապես օգնելու, այնպես էլ՝ ներկա գտնվելու:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

Ինչ վերաբերում է Արցախում  վիրավորների տեղափոխմանը, առողջապահության նախարարն ասաց, որ  տեղափոխման ամբողջ հարցը լուծվել է Պաշտպանության նախարարության ուղղաթիռների և շտապօգնության մեքենաների օգտագործմամբ: 

«Կան մարդիկ, որոնք իրենց տրանսպորտային միջոցներն են առաջարկել, սակայն դրա կարիքը չի եղել և մենք լիովին կարողացել ենք առկա միջոցներով իրականացնել տեղափոխումը», - ասաց Արմեն Մուրադյանը:
 

Placeholder
Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան