Դավիթ Բաբայան. Մենք վերջնագիր չենք ներկայացնում միջազգային հանրությանը
Քաղաքական
12:35 12/04/2016
ԼՂՀ

Դավիթ Բաբայան. Մենք վերջնագիր չենք ներկայացնում միջազգային հանրությանը

Ապրիլի 2-5-ը տևած ռազմական գործողությունների՝ քաղաքական ու իրավական հետևանքների, դրանց ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին Panorama.am-ը խոսել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, «քառօրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ  չի կարող լինել վերադարձ նախկին կարգավիճակին ու սահմաններին»: Կմանրամասնեք, ինչի՞ մասին է խոսքը:

-Այո, չի կարող լինել վերադարձ այն սահմաններին ու այն կարգավիճակին, որն ունեցել է Արցախը Խորհրդային տարիներին՝ մինչև 1991 թվականը: Ադրբեջանի լայնածավալ պատերազմը 1991-94 թվականներին նաև մեծ մասամբ հետևանք էր, որ Արցախը թույլ է երևում հատկապես սահմանների առումով: Գայթակղություն կար հարձակվել և ոչնչացնել այն: Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ ապագայում:

-Պաշտոնական Արցախը պնդում է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների լիիրավ անդամ: Իսկ եթե դա տեղի չունենա՞:

-Մենք վերջնագիր չենք ներկայացնում միջազգային հանրությանը: Մենք ասում ենք, որ այս պատերազմը ևս ցույց տվեց, որ առանց Արցախի այս հարցը չի կարող կարգավորել: Եթե Ադրբեջանը հարձակվում է մեզ վրա՝ մեզ դիտարկելով որպես հակամարտության կողմ, ո՞նց կարող ենք մենք չմասնակցել բանակցություններին: Սա է հարցը: Տրամաբանական չէ առանց Արցախի բանակցություններ վարելը:

-Չորս օր տևած պատերազմական գործողություններից ի՞նչ դասեր պետք է քաղեն Ադրբեջանն ու միջազգային հանրությունը:

-Քառօրյա պատերազմից դասեր պետք է քաղեն բոլորը: Այն ցույց տվեց, որ հակամարտության ուժային կարգավորումը հեռանկար չունի, և հղի է անկանխատեսելի հետևանքներով: Սա վառ կերպով արտահայտվեց քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում: Միջազգային հանրությունը պետք է կոշտ դիրքորոշում հայտնի Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ:

-Ի՞նչ ապացուցեց Արցախի ժողովուրդը պատերազմի արդյունքում:

-Քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ապացուցեց կարևոր մի բան, որի մասին միշտ խոսում ենք: Մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ պատրաստ չենք պաշտպանել մեր հայրենիքը, ազատությունն ու արժանապատվությունը: Այսպես լինելու է մինչև վերջ: Եթե հակառակորդը կարծում է, որ ուժային տարբերակով կարող է լուծել խնդիրը, ապա չարաչար սխալվում է: Եվ արցախցին, և հայ ժողովուրդն ընդհանրապես, թե Հայաստանն ու Սփյուռքը պատրաստ են մինչև վերջ կանգնել հայրենիքի պաշտպանության գործում: Սա բոլորի համար պարզ է, ևս մեկ անգամ ապացուցվեց:

-ԼՂՀ ՊՆ-ն գրեթե ամեն օր հայտարարում է, որ հակառակորդը խախտում է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածությունը:

-Այո, կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվում է: Դա մեր հակառակորդի էությունն է: Բայց հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բացարձակ գնահատականները չեն աշխատում: Ամեն ինչ պետք է համեմատության մեջ տեսնել: Քառօրյա պատերազմի ժամանակ, վերջին երկու տարիների ընթացքում կատարած խախտումների համեմատ իհարկե այս պահի դրությամբ ավելի կայուն է:

-Հայաստանում և Արցախում հայտարարում են, որ  ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ փաստերը պետք է ուղարկվեն միջազգային ատյաններ՝ դրանց գնահատականներ տալու համար: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

-Մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ: Կան շատ վառ ապացույցներ միջազգային մարդասիրական, մարդու իրավունքների կոպիտ  խախտումների վերաբերյալ: Այն ինչ ադրբեջանցիները կատարել են խաղաղ բնակչության նկատմամբ, դիակների հետ, մարդկային չէ, անհնարին է բառերով բացատրել:
Համապատասխան կառույցներն աշխատում են, որպեսզի այդ բոլոր փաստերը ներկայացնենք միջազգային ատյաններ: Հետամուտ ենք լինելու, որովհետև նման ոճրագործությունները պետք է առնվազն դատապարտվեն միջազգային հանրության կողմից:

Placeholder
Դավիթ Բաբայան. Մենք վերջնագիր չենք ներկայացնում միջազգային հանրությանը