Պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է. Թաթուլ Մանասերյան
Քաղաքական
14:55 13/04/2016
Հայաստան

Պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է. Թաթուլ Մանասերյան

«Ընդհանուր առմամբ, պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է: Ցինիկ արտահայտություն է, բայց այդպես է: Եթե այս սահմանումը փորձենք պրոեկցել ցանկացած տերության վրա՝ մեծ կամ փոքր, կհասկանանք նաև նրանց շահերը, մեր ակնկալիքները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա, պատերազմի բիզնես լինելու իրողությունը տարբեր մեկնաբանություններ ունի. մի կողմից շահերի ներկայացում, մյուս կողմից ապրանքի՝ զենքի սպառում և երրորդ երկրների մասնակցության շահերը:

Թ.Մանասերյանի խոսքով, Ադրբեջանը համաշխարհային շուկայում աստիճանաբար կորցնում է  իր դիրքերը. «Եթե մի պետություն կորցնում է իր հնարավորությունները, ավելի դյուրագրգիռ է դառնում, հատկապես աշխարհաքաղաքական այն զարգացումների վրա, որ Թուրքիան պետք է փորձի ոչ ուղղակի Ռուսաստանից, ապա Ռուսաստանի դաշնակիցներից ստանա պարտքը, ունեցած կորուստները: Սա կոտրվում է  անպայման մեր երկրի վրա: Այդ շահերն ակնհայտ են»:

Նա նաև նշեց, որ այսօր նավթը համաշխարհային շուկայում կորցնում է իր դերն ու նշանակությունը, և այն մասշտաբներով զենք, որ գնում էր Ադրբեջանը, այլևս չի կարող իրեն թույլ տալ:

Նման պայմաններում որտե՞ղ է ՀՀ դաշնակից Ռուսաստանի շահերը: Ըստ տնտեսագետի, եթե մի տնտեսություն, որը չի դիվերսիֆիկացվում, կախվածություն ունի նավթից, գազից, իսկ նավթի մասնաբաժինն ընկնում է, պետք է մյուս մրցակցային առավելություններն իրականացնի, որը զենքն է:

«Ռուսաստանը զենքի մեծ մատակարար է: Մեծ հաշվով շատ էական չէ՝ Հայաստանի, Տաջիկստանի, թե մեկ այլ երկրի դեմ կօգտագործվի այդ զենքը: Կարևորն այն է, որ իրավիճակն ամբողջովին դուրս չգա իր հսկողությունից, ինքը հանդես գա որպես գլխավոր դատավոր, որին միշտ գան ու խնդրեն լուծել ինչ-որ հարցեր»,- ասաց Թ.Մանասերյանը:

Placeholder
Պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է. Թաթուլ Մանասերյան