Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետք է գիտակցենք, որ մոլորակի վրա ոչ մի գերտերություն հայության շահը չի պաշտպանի. Հարություն Մեսրոբյան
Այն, ինչ տեղի ունեցավ սահմանին, շնորհիվ նաև անորակ էլիտայի է: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Ի՞նչ տեսանք իրականության մեջ: Վերցնենք զոհվածների ցուցակը, դուք տեսե՞լ եք, որ զոհվեն կամ վիրավորվեն այն տղաները, որոնք այսպես թե այնպես վերաբերում են մեր էլիտային: Ո՛չ մեկին չենք տեսնի: Զոհվում է առողջ, սովորական հայը, և ոչ մի էլիտային վերաբերող մեկը, լինի դա իշխանական, թե ընդդիմադիր էլիտա: Լեզվին են մենակ զոռ տալիս, այնինչ երկիրը մահացու վտանգների առաջ է կանգնած»,- նշեց Հարություն Մեսրոբյանը:
Նրա խոսքերով՝ այս սխալների միակ մեղավորը էլիտան է, այլ մեղավոր չկա, ոչ մի այլ երկիր, այլ ուժեր, քանի որ, ըստ նրա, «եթե ազգը գլուխ չունի, մարմինը միշտ հարված է ստանալու»:
«Սա պետք է հիշենք և այլևս չսկսենք խոսել վեհ-վեհ բաներից: Մենք ծանրագույն փուլ ենք հիմա անցնում, սկսում ենք ուրիշների դարդերը կամ սխալները քննարկել, մենք պետք է գիտակցենք, որ մոլորակի վրա ոչ մի գերտերություն հայության շահը չի պաշտպանի: Իրենք ունեն իրենց շահերը: Դրա համար կա լոբբինգ և Սփյուռքի հայ համայնքները պետք է ակտիվ լոբբինգով զբաղվեն»,- ընդգծեց Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, որ օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում հզոր լոբբինգ պետք է կազմակերպել:
Փորձագետը համարում է, որ թույլ լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ երկրում կա օլիգարխիկ կառավարման համակարգ, որը բոլոր պարագաներում՝ տնտեսական, ռազմական, սոցիալական, անմրցունակ է. «Իսկ ի՞նչ է նշանակում պատերազմի ժամանակ լինել անմրցունակ, սա նշանակում է փորել գերեզմանը: Մենք սա պետք է հաշվի առնենք և ականջներիս օղ անենք»:
Հարություն Մեսրոբյանի կարծիքով, չի կարելի հայտարարել, թե զենքի համար են գումար հավաքում. «Տարբեր պետություններ ունեն իրենց օրենսդրությունը և, եթե այդ երկրում ապրող հայը, զենքի համար գումար ուղարկի, ապա նա խնդիրներ կունենա տվյալ երկրի օրենսդրության հետ: Սա անգամ դիվանագիտություն չէ, սա օրենսդրություն է»:
Բացի այդ, նա սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորեց, այն ինչ մտածում են՝ հրապարակային չդարձնեն. «Բոլորիս է վերաբերում, այստեղ կյանքի և մահի պատերազմ է գնում, ուստի պետք է զգույշ լինենք»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Հարություն Մեսրոբյանն ասաց՝ անընդունելի է, երբ իրավաբանորեն ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում. «Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Ռուս պաշտոնյաներից մեկն ասաց, որ եթե Ռուսաստանը չվաճառի, ապա մեկ այլ երկիր կվաճառի, ինչը վիրավորական է, կրկնակի անընդունելի է: Սակայն, մենք պետք է հասկանանք, որ ստացող երկիրը կախված է մատակարարող երկրից: Բնական է, որ սա արվում է այն նպատակով, որ թեժ կետերը Ռուսաստանից կախված լինեն»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Իսկ այս իրավիճակից դուրս գալու համար փորձագետն առաջարկում է բոլոր ուժերը մոբիլիզացնել, խնդիրները բարձրացնել և հետևողական լինել դրանց կյանքի կոչմանը: