Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը կցուցադրվի Իրանում, այնուհետև Հայաստանում
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» (Deadlock) ֆիլմի ասիական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում: Այս մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այսօր Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: «Vision du Reel»-ը հեղինակային վավերագրական կինոյի ամենահայտնի և նշանավոր կինոփառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին: Այդ փառատոնը Հարություն Խաչատրյանի կենսագրության մեջ կարևոր նշանակություն ունի.
«Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին փառատոնում արժանացել էր ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել էր «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: Այդ փառատոնում էր տեղի ունեցել նաև հեղինակի նախորդ ֆիլմի՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» համաշխարհային պրեմիերան:
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ է շահել և ընտանիքով մեկնել Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը: